Ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։ 2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ ցնցեց հասարակությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ հասարակական կազմակերպությունները միավորվեցին՝ ստեղծելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։
 
Հայաստանում, ամեն տարի գրանցվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։ Ըստ ՀՀ ոստիկանության 2017 թվականի առաջին յոթ ամիսների տվյալների գրանցվել է ընտանեկան բռնության 416 դեպք, որից 235-ը, այսինք շոշափելի մեծամասնությունը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ։ Իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության դեպքերը 1204-ն են, որոնցից 52-ը սեռական անձեռնամխելիության և կանանց սեռական ազատության դեմ ուղղված։ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռության» կոալիցիայի տվյալներով նույն ժամանակահատվածում առնվազն 5 կին է սպանվել ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։ Իսկ անդամ կազմակերպությունների թեժ գծերին ստացվող հեռախոսազանգերի թիվը կրկնապատկվել է՝ անցնելով 4500-ը։
 
Այս տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացնելու է միջոցառումներ՝ «Ընտանեկան բռնությունը հանցագործություն է» խորագրով, որոնք ուղղված են լինելու հանրային իրազեկվածության բարձրացմանն ու կանանց զորեղացմանը։
 
Միջոցառումները կկայանանան Երևանի տարբեր մասերում․
 
Երթուղի․
 
 
11։00 - Սասունցի Դավթի հրապարակում /Կայարան/
 
12։30 - Շենգավիթ մետրոյի հարակից տաածքում
 
15։00 - Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այգու տարածքում
 
16։30 - 15-րդ և 16-րդ թաղամասերի հատման կետում գտնվող տարածքում
 
19։00 - «Ազատության» հրապարակում
/Մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի/