«Մեդիա կենտրոնում» կայացավ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի և ճարտարապետ Սաշուր Քալաշյանի մամլո ասուլիսը' Հանրապետության Հրապարակում գտնվող Կառավարության 2 շենքի վաճառքի և Երևանի քաղաքաշինական խնդիրների վերաբերյալ:
Ճարտարապետները նախօրեին բաց նամակ էին հղել ՀՀ նախագահին և վարչապետին' կոչ անելով չեղյալ համարել և «անհապաղ կասեցնել» Կառավարական 2-րդ մասնաշենքի (ԱԳՆ) աճուրդի գործընթացը:
Ուսումնասիրելով վաճառքի գործարքի վերաբերյալ փաստաթղթերը' ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ահազանգում է, որ չի ստորագրվել «պահպանման պարտավորագիր», ինչը կերաշխավորեր, որ «չի փոխվի ու աղճատվի կառույցը»:
«Խնդիրները չեն սկսել ու չեն ավարտվելու այս շենքով, խնդիրն այն է, որ հուշարձանների պահպանման օրենքով հստակ շարադրված են նրանց հետ վարվելու կանոնները, որոնք սակայն անտեսվում են: Օրենքն ասում է' ցանկացած հուշարձան պետք է ունենա պահպանման պարտավորագիր հուշարձանը տնօրինողի կամ դրա սեփականատիրոջ կողմից: Մինչդեռ այսօր գրեթե ոչ մի հուշարձանի պահպանման պայմանագիր գոյություն չունի»,-ասաց Սաշուր Քալաշյանը:
Մկրտիչ Մինասյանը շեշտեց, որ իրենք անհանգստանում են, քանի որ «վստահության ռեսուրս չի մնացել»:
«Եթե մենք կորցրած չլինեինք Սևան հյուրանոցը, Երիտասարդական պալատը, արդեն նաև Փակ շուկան, մենք այդքան չէինք անհանգստանա, բայց այլևս չի կարելի թողնել, որ այսպես հերթով մեր պատմական կառույցները կորչեն քաղաքի պատմությունից»,- ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ճարտարապետները շեշտեցին, որ անհրաժեշտ է առանձին օրենքով ամրագրել հուշարձանների մի ցանկ, որոնց վաճառքն ընդհանրապես կարգելվի:
«Այլապես կարող է օպերայի շենքը մի օր, լավ գին տալու դեպքում, դառնալ կազինո, Մատենադարանի շենքը' հյուրանոց, չենք կարող բացառել, որ մի օր էլ կվաճառվի Հռիփսիմեի վանքը»,- ասաց Սաշուր Քալաշյանը: