«Ես այստեղ կանգնած եմ երկու պատճառով: Մեկ՝ որ ես էլ եմ ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ չհավատալով, որ ինքը կհաղթի: Բայց դա կարևոր չի: Կարևորն այն է, որ ես մեղավորներից եմ, որ այս այլանդակ համակարգը Հայաստանում հատատվել է, և առաջին ներողությունը ես պիտի խնդրեմ»,- այսօր Իջևանում՝ հետևելով Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորին, որ ինքնամաքրվեք, ընդունեք ձեր սխալը, քանի ուշ չէ՝ այսպիսի խոստովանությամբ հանդես է եկել Լոռու նախկին մարզպետ Վիգեն Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Aravot.am կայքը:

Նրա խոսքերով՝ «Մենք լավ հիմք չդրեցինք Հայաստանի Հանրապետության: Ի սկզբանե հիմքերը խարխլվեցին, բայց այդ հիմքերն առանց ձեր աջակցության այլևս հնարավոր չէ ուղղել, որովհետև շատ է խորացել: Իհարկե, մենք դեռ չլուծված խնդիր ունենք՝ Ղարաբաղի խնդիրն է: Իհարկե, մենք դեռ Ղարաբաղի հարց ունենք, մարդկանց արժանապատիվ կենսամակարդակ չենք ապահովել: Որտե՞ղ է վտանգը: Չի կարող պետությունը բռնազավթված վիճակում զարգանալ, իսկ մեր նորաստեղծ պետությունը բռնազավթված է մի խումբ մարդկանց ձեռքում: Պետք է այդ տունը ազատագրենք, որ ծառայի իր ժողովրդին: Մեզ փորձում են համոզել, որ իշխանությունն ու պետությունը նույնն են: Դրանք տարբեր բաներ են: Ոնց որ փորձեն համոզել, որ տանտերն ու տան ծառան նույնն է: Մենք ուրեմն իշխանություն ենք վարձում, որ մեր տունը մաքրի, սպասարկի, գալիս տանը նստում է, ասում է՝ տերը ես եմ: Եկեք տարբերենք իշխանություն-պետություն հասկացությունը և հասկանանք, որ այսօրվա իշխանության հենարանը պիտի լինի հասարակությունը, ժողովուրդը»:

Վիգեն Խաչատրյանը նաև անդրադարձել է, թե ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը. «Ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի և պարտված նախագահի տարբերությունը: Եթե չեն ուզում, որ թանկ վճարեն իրանց կեղտերի համար, պիտի հետ քաշվեն: Ասում են, թե Րաֆֆուն ընտրել են նրանք, ովքեր վատ են ապրում: Սուտ են ասում: Րաֆֆիին ընտրել են նրանք, ովքեր ուզում են արդար ապրեն: Տարբեր բաներ են դրանք: Ասում են՝ թողեք Սերժ Սարգսյանը մնա, ասում են՝ ինքն ընտրվել է, արմատական բարեփոխումներ պիտի անի: Էդ ի՞նչ արմատական բարեփոխումներ պիտի անի: Ասում եմ՝ կաշառակեր եք ընտրել, ասում են՝ փաստեր բերեք: Ասում եմ՝ 2-3 տարի առաջ, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում ասում էր՝ կոռուպցիան քաղցկեղ է, փաստե՞ր էր բերում: Չէր բերում, որովհետև բոլորը գիտեն, որ կոռուպցիան խեղդում էր: Ասում էր՝ ատկատներ կան, կառավարությունից դժգոհ ա, 2 ամիս հետո կառավարության ղեկավարին շքանշան ա տալիս՝ 4 տարի ա, Տիկո, ասում եմ՝ ատկատներ կան: Փաստեր բերո՞ւմ էր: Չէր բերում, որովհետև բոլորը գիտեն, որ ատկատներ կան: Ի՞նչ արմատական բարեփոխումներ իրենք պիտի անեն: համատարած գողության մթնոլորտ է հայաստանում: Ով չի գողանում, չի կարողանում նորմալ ապրի, հետապնդվում է: Ամեն մեկին ստիպում են, որ թաղվի կեղտի մեջ, որ դառնա կառավարելի: Սերժ Սարգսյանի համար ամենավտանգավոր մարդը անկառավարելի մարդն է: Իսկ ո՞վ է անկառավարելի՝ ով մաքուր է»:

Այնուհետև պարոն Խաչատրյանը շարունակել է. «Գիտե՞ք մեզ ինչ են ասում, ասում են՝ դուք ընտրել եք՝ քաշվեք մի յան: Մենք շատ ենք ուզում, որ ընտրված մարդուն մարդիկ հավաքվեն, համբուրեն, շնորհավորեն, բայց դրա համար պիտի ընտրությունը մաքուր լինի: Էսքանից հետո եթե իրան հարգող մարդ է՝ տեսնում է ժողովուրդը կիսվում է, նոր ընտրություն թող անցկացնի: Վախում է ժողովրդից»:

Պարոն Խաչատրյանը նաև մի դեպք է պատմել, որը հարուցեց իջևանցիների ծիծաղը. «Պապս մի օր հյուրերի մոտ ասում էր՝ ե՞րբ պիտի էդ շունը՝ Ստալինը, սատկի, որ ես էլ հանգիստ մեռնեմ, տատս ասում ա՝ լեզուդ չորանա, երեխուն մի վնաս կտան: Պապս էլ ասում ա՝ իաաա՜, համ արջիցը վախենամ, համ արջի գիտեք ինչիցը, ըլի՜»: