Ազգային ժողովում Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Հայաստանը միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք կամ այս, կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետև այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»: Շարմազանովի այս հայտարարությանը կարելի է հակադարձել միանգամից երեկ ուղղություններով.
 
Նախ և առաջ, Շարմազանովը, լինելով Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, փաստացի ընդունում է այն փաստը, որ այդ իշխանությանը չի հաջողվել ապահովել մեր երկրի պաշտպանությունը: Այսինքն՝ իշխանությունը չի կատարել իր վրա դրված սահմանադրական պարտականությունը: Հաջորդը՝ Շարմազանովը ակնհայտորեն նույնացնում է Թուրքիա և ՆԱՏՕ հասկացությունները, ՀԱՊԿ-ին՝ Հայաստանի այլընտրանքը բնավ էլ Թուրքիան չէ, քանի որ այս երկրի հետ երրկողմ որևէ համագործակցություն, այն էլ՝ ռազմական, հնարավոր չէ պատկերացնել: ՀԱՊԿ-ի այլընտրանքը ՆԱՏՕ-ն է, որի անդամ է Թուրքիան: Երրորդը՝ Շարմազանովը չի կարող չգիտակցել այն պարզ քաղաքական ճշմարտությունը, որ Ռուսաստանի ու Թուրքիայի շահերից է բխում Հայաստանի ներկայությունը, մեր երկրի մնալը պրո-ռուսական բլոկներում, ինչն էլ նրանք մեծ հաջողությամբ իրականացնում են Ադրբեջանի օգնությամբ: Ռուսաստանն այդպիսով ապահովում է իր ներկայությունը Կովկասում, իսկ Թուրքիան ստանում է Ռուսաստանի երաշխիքները՝ հայկական պահանջների չեզոքացման հարցում: Եթե այսքան փաստարկներից հետո Շարմազանովը այլընտրանք չի գտնում, ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիները սկսեն որոնել այլընտրանք՝ Շարմազանովին…