Սոցիալական ցանցերում հետընտրական այս օրերին թեժ քննարկումներ են տեղի ունենում, որոնց մասնակցում են ընդդիմադիր և իշխանական թևը ներկայացնող կամ սատարող մշակութային գործիչները:
Քաղաքական գործիչներն ասպարեզը զիջել են նրանց. մի մասը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանրահավաքներին ելույթներ է ունենում ընդդեմ իշխանությունների, մի մասը նույն հանրահավաքներում պարզապես ժողովրդի սրտին դիպչող խոսք է ասում՝ ընդհանուր գծերով իր դժգոհությունն արտահայտելով իշխանությունների վարած քաղաքականությունից և երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակից, մի մասը հայհոյում է իշխանություններին, որոնց հետ ժամանակին «ախպերություն» էր, մի մասը հեռուստաեթերից «դոշ է տալիս» իշխանությունների համար և երկրում ստեղծված ծանր վիճակի մեջ մեղադրում ժողովրդին, մի մասը համարժեք հայհոյանքով պատասխանում է իշխանությունների հասցեին հայհոյանք հնչեցնողներին…. Մի խոսքով՝ հետաքրքիր ժամանակներ են:
Իհարկե, այս ամբողջի մեջ հատկապես վերջին օրերին առանձնացել են հեղինակային երգերի կատարող, երգահան Ռուբեն Հախվերդյանը և երգչուհի, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Երգչուհու կողմից համացանցում և որոշ հեռուստահաղորդումների ժամանակ հնչեցված կարծիքների կապակցությամբ մեծ հարձակում սկսվեց նրա նկատմամբ: Ընդ որում, շատ հաճախ ոչ թե քննարկում-քննադատում էին նրա այս կամ այն տեսակետը, այլ անձնական բնույթի վիրավորանքներ էին հասցնում:
168.am-ի լրագրողի հետ հարցազրույցում Շ. Պետրոսյանն, անդրադառնալով Ազգային ժողովում իր կատարած աշխատանքներին, ասել է. «Մի քանի ամիս է, որ աշխատում եմ: Առաջին ամիսը, բնականաբար, որևէ բան անել չէի կարող, որովհետև ծանոթանում ես ամեն ինչին, երկրորդ ամիսը' արտահերթ նիստեր, երրորդ ամիսը գնացինք արձակուրդ: Եկանք սեպտեմբերին, երբ հայրիկիս էի կորցրել, այսինքն' դրանից 12 օր հետո ես ստիպված էի գալ աշխատանքի, որտեղ էլ արվեց հենց այն վատ նկարը, որ շատ թերթեր օգտագործում են, երբ իմ մասին չարացած ակնարկներ են գրում: Դիմադրողականությունս կորցրած, կորցրած իմ սիրելի հորը, իմ շատ լավ ընկերոջը, իմ դասատուին, ողբերգություն էի ապրում, բայց քանի որ աշխատանքի և խոսքի մարդ էի, գնացել էի աշխատանքի: Եվ այդ ժամանակ հազալու պահին ինձ նկարում են, երբ ես ցավ էի ապրում, և իմ նկարները հայտնվում են համացանցում, կոլաժներ են անում Բոտերոյի արձանի հետ, որովհետև գեր եմ, իսկ գեր կնոջը քննարկող տղամարդը՝ չգիտեմ, թե ո՞նց կարող է տղամարդ կոչվել: Գիտեք, ես ավելի շատ մտածում եմ աճող սերնդի մասին, որը դաստիարակվում է մեծերի օրինակով: Իսկ իմ չափանիշներով հայ տղամարդն ուրիշ ձև է եղել, մեր քաղաքի տղերքը միշտ ուրիշ են եղել' կնամեծար են եղել, դրա համար դա տխրեցնում է ինձ, որովհետև իմ տղերքն էլ են մեծանում այս քաղաքում, ես չեմ ուզում, որ իրենք դա տեսնեն»:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում որոշ խմբեր ստորագրահավաք են նախաձեռնել՝ Շուշան Պետրոսյանին Վաստակավոր արտիստի կոչումից զրկելու պահանջով:
«Ինչո՞ւ, այդ 20-30 հոգի՞ն են տվել ինձ այդ կոչումը: Ո՞ւր էին նրանք 20 տարի առաջ: Ախր, այդ ժամանակ նրանք չէին էլ ծնվել: Ուղղակի ուզում եմ հարց տալ. ինչո՞ւ են ինձ ուզում զրկել վաստակավորի կոչումից. որովհետև ես ծառայում եմ իմ գաղափարի՞ն, թե՞ բռնանում եմ իրենց գաղափարը, որովհետև ես դժբախտությո՞ւն եմ բերում այս երկրին, համաշխարհային ճգնաժա՞մն եմ ստեղծել, արդյո՞ք 88-ի երկրաշարժը ես եմ կազմակերպել, գուցե պատերա՞զմն եմ ես արել, թե՞ ես եմ թույլ տալիս, որ օլիգարխները չափ ու սահմաններն անցնեն, գուցե ե՞ս եմ հրահրում իրենց: Ինչի՞ ես, որովհետև ինձ թույլ օղա՞կ են համարում: Ոչ, ես թույլ չեմ: Փառք տիրոջը, այնքան ուժեղ եմ, որ գիտակցում եմ Աստծո պատվիրանները»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է երգչուհին:
Ի դեպ, Շուշան Պետրոսյանը և Ռուբեն Հախվերդյանը հարևաններ են: Նրանց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք նույն շենքում բնակարաններ էին տրվել: Այսօր ասուլիսում Ռուբեն Հախվերդյանն, ի պատասխան այն հարցի, որ ՀՀ բոլոր երեք նախագահների օրոք էլ նա օգտվել է իշխանական բարիքներից, հիմա ինչպե՞ս է նրանց քննադատում, ասել է, որ Սերժ Սարգսյանը մեկ անգամ է իրեն ֆինանսական օգնություն հատկացրել' մանկական երգերի սկավառակի ձայնագրման համար, որ Լևոն Տեր-Պետրոսյանից ոչինչ չի վերցրել:
«Ռոբերտ Քոչարյանն ինձ երեք սենյականոց բնակարանի փոխարեն' չորս սենյականոց բնակարան է տվել… Ես իմ շնորհակալությունը հայտնել եմ: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնես, բայց եթե մարդ սխալ է անում, դիտողություն չանե՞ս, որ տղա՛ ջան, ճիշտ չես անում: Օրինակ' Մարտի 1-ը կուլ տալո՞ւ բան էր, դուք կլռեի՞ք, թե՞ կխոսեիք»,- ասել է Ռ. Հախվերդյանը: Վերջինս նաև որոշ հայտարարություններ էր արել Շուշան Պետրոսյանի հասցեին. «Շուշան Պետրոսյանը վերջին շրջանում Պաշտպանության նախարարությունից լավ փողեր է ստանում, բա ինչի՞ չպիտի իշխանությանը գովերգի»:
168.am-ի հետ զրույցում Շուշան Պետրոսյանը, կարելի է ասել՝ պատասխանել է իր հարևան Ռուբեն Հախվերդյանին: «Ես երբևէ ինձ թո՞ւյլ եմ տվել հաշվել Ռուբեն Հախվերդյանի փողերը, երբ գնում էր այս կամ այն նախարարի մոտ ու գումար էր մուրում, և հետո գալիս-ասում էր' սրան քցեցի, նրան քցեցի' կոնկրետ նախարարների անուններ տալով: Ես բազմիցս դրան ներկա եմ եղել, բայց ինձ թո՞ւյլ եմ տվել խոսել այդ մասին: Թող Ռուբեն Հախվերդյանը մտածի, թե ի՞նչ պատասխան պիտի տա Արցախի իմ զինվոր-ընկերներին՝ իր հայտարարության համար, որը չեմ ցանկանում բարձրաձայնել հիմա, որովհետև ես պետականորեն եմ մտածում»,- ասել է երգչուհին:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: