Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը վաղուց ուշադրություն չի դարձնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարություններին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ չի հետևում ԵԼՔ-ի թելադրած կեղծ օրակարգերին:
Դիտարկմանը, որ 33 անդամից բաղկացած կոլեգիալ մարմնում 15 անդամի ներկայությամբ են նիստեր գումարում, ինչը պատգամավորը որակել է աշխարհում նմանը չուեցող երևույթ և բացարձակ ապօրինություն, քաղաքապետը պատասխանեց. «Օրենքը թույլ է տալիս՝ գումարում ենք, ես օրենքի տառին համապատասխան եմ գործում, թեև իրենք այս հարցը վիճարկել են Սահմանադրական դատարանում, այնպես որ, սպասենք, տեսնենք՝ դատարանն ինչ որոշում կընդունի: էդմոն Մարուքյանն իր ձայնը լսեի դարձնելու համար Վանաձորում կենդանության նշաններ է ցուցաբերում, որը մի կողմից ուրախացնում է, որ կան դեռ, մյուս կողմից՝ տխրեցնում, քանի որ առաջ քաշած օրակարգերը կեղծ են: Ես իմ գործով եմ զբաղվում, Վանաձորն ավելի մեծ խնդիրներ ունի, քան Էդմոն Մարուքյանն է»,-ասաց քաղաքապետը՝ հիշեցնելով, որ ընտրություններին իրեն մեղադրող կողմը հավաքել է ընդամենը 4800 ձայն, հետևաբար, այդ քանակին հաապատասխան էլ իրենց ձայնը թող հնչեցնեն:
Հիշեցնենք, որ այսօր հայտարարություն է տարածել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկ տարի առաջ Վանաձորի քաղաքապետի ընտրությունները որակելով հանցագործություն ու մանդատագողություն:
«Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Վանաձորի նորընտիր ավագանու նիստին Հանրապետական կուսակցությունը, չունենալով ձայների մեծամասնություն, կատարեց մանդատագողության աննախադեպ ու խայտառակ ակտ՝ քաղաքապետ նշանակելով փաստացի չընտրված սեփական թեկնածուին: Մեկ տարի շարունակ Վանաձորում փաստացի տիրում է անիշխանություն՝ քողարկված քվազի քաղաքապետի դիմակահանդեսով»:
Մարուքյանի հայտարարության մեջ ասվում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մնում է իր սկզբունքներին հավատարիմ և իր պայքարում հաստատակամ. մենք պայքարելու ենք Սահմանադրական դատարանում՝ հասնելու համար այս ապօրինության և անարդարության ճշմարիտ հանգուցալուծմանը»: