Ութ տարի առաջ այս օրը Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները։ Ստորագրված արձանագրությունները հետևանք էին դեռ 2008-ի աշնանը Սերժ Սարգսյանի նախաձեռնած գործընթացի, որը փորձագիտական շրջանակներում ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը: Թե ինչ տվեց մեզ նախագահի այդ նոու-հաուն, դժվար է ասել: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ հայ-թուրքական արձանագրությունները առավելագույնս ծառայել են Սերժ Սարգսյանի քաղաքական դիրքերի ամրապնդմանը, սակայն գործնականում ոչինչ չեն տվել Հայաստանին՝ ավելի խորացնելով հայ-թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամը:
 
ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հայտարարություններով, Սերժ Սարգսյանը, գոնե արտաքուստ, միջազգային հանրությանը նախապատրաստում է հայ-թուրքական երկու արձանագրություններն առ ոչինչ հայտարարելու հնարավորությանը:Սակայն դա անում էր ոչ այնքան վերջնագրային լեզվով, ինչն առավել քան տրամաբանական է անիմաստ վատնված նախորդ 5 տարիների ֆոնին, որքան նախազգուշացման: Սա թույլ է տալիս ենթադրել, որ նա նույնիսկ հիմա չի ուզում վերջնականապես փակել այս թեման և ավելի շատ մտածում է իր իսկ սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունը» միջազգային հանրության օգնությամբ ինչ-որ կերպ փրկելու մասին:
 
Հազիվ թե Անկարան, որ անգամ Կ. Պոլսի հայոց պատրիարքի ընտրությանը կանաչ լույս չի վառում, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու սահմանը բացելու բուռն ցանկություն ունենա մինչև գարուն:
Ճիշտ նույն կերպ, Սերժ Սարգսյանը կարող էր հայտարարել, որ Հայաստանը միակողմանի վավերացնում է արձանագրությունները, ու թող Անկարան պատասխան տա: Այս անգամ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան չէր քանդվի` ՀՅԴ-ն չափազանց շատ է խրվել իշխանության մեջ, որ ըմբոստանա: Սերժ Սարգսյանը հայ-թուրքականով լուծեց իր իշխանության միջազգային լեգիտիմացման խնդիրը 2009-ին: 2018-ին ևս նույն խնդիրը կարող է լինել, համենայն դեպս` ֆուտբոլը հավերժական խաղ է:
 
 
Ստելլա Խաչատրյան