Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի նամակը նախագահ Սերժ Սարգսյանին չեն փոխանցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Արայանի մայրը' Մարինա Արայանը: Նրա խոսքով' նամակների բաժնի վարիչը փոխանցել է, որ այդ նամակը պետք չէ Սերժ Սարգսյանին փոխանցել:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, նա ասաց. «Բնականաբար Վճռաբեկ դատարանից էլ հույս չունենք: Ես անհամբեր սպասում եմ, որ տեղի ատյանները սպառելով գործը հասցնեմ Եվրոպական դատարան եւ հասնեմ արդարացման»:
Անդրադառնալով դերասանուհի Անժելա Սարգսյանի այն սպառնալիքներին, թե իր արժանապատվությունը վիրավորելու համար դատի է տալու Մարինա Արայանին, վերջինս արձագանքեց. «Ես անհամբեր սպասում եմ: Անհամբեր»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ի պաշտպանություն Կարեն Արայանի 5 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել, որը նրա հարազատները հունվարի 29-ին, հանձնել էին նախագահի նստավայր: Վերջիններս պահանջում էին, որ հունվարի 31-ին լսվելիք սույն գործով վերաքննիչ բողոքով չեղյալ համարեին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Վերաքննիչ դատարանը. Սակայն, անփոփոխ էր թողել Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար մեղավոր է Ճանաչվել Կարեն Արայանը եւ դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների' լուսանկարները համացանցում տարածել էր Անժելա Սարգսյանի նախկին ընկեր' Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում:
Լուսանկարներն ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: Նոյեմբերի 20-ին, Կարեն Արայանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ նշանակվել է տուգանք' աշխատավարձի 300-ապատիկի չափով: