Քաղաքական օրակարգում 2018-ից հետո ապագա վարչապետի հնարավոր թեկնածուների հարցը շարունակում է մնալ գերակա։ Կարեն Կարապետյանը, ինչպես հայտարարել է, պատրաստ է կրկին մնալու վարչապետի պաշտոնում։ Լռում է Սերժ Սարգսյանը, խոսում են քաղաքական վերլուծաբանները, որոնց դիտարկումներով` Սերժ Սարգսյանը կարող է լինել ապագա վարչապետ եւ, ըստ էության, պետության ղեկավար։ ՀՀԿ-ի գաղափարական հատվածի ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Սերժ Սարգսյանը մտադիր չէ զբաղեցնելու վարչապետի պաշտոնը. նա շատ պարզ ասել է, որ իր քաղաքական կարիերան կապում է ազգային անվտանգության հետ, իսկ սա ենթադրում է այլ կարգավիճակ։ Այս համատեքստում ուշագրավ հայտարարություն է արել Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը: Մասնավորապես, նա նշել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության համաձայն, որով պետությունն անցնում է խորհրդարանական կառավարման մոդելի, Անվտանգության խորհուրդը ի պաշտոնե վարչապետի գլխավորությամբ աշխատող կառույց է լինելու, և դա սահմանադրական արձանագրում է: Այլ կերպ ասած՝ Հրայր Թովմասյանը, հղում անելով Սահմանադրությանը, հանում է Անվտանգության խորհրդի ղեկավարի հարցը, որը դիտարկվում էր Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական ճակատագրի համատեքստում որպես վարչապետության տարբերակի այլընտրանք: Այսինքն՝ ԱԽ ղեկավար լինելու համար Սերժ Սարգսյանը պետք է լինի վարչապետ, այլ կերպ հնարավոր չէ: Հայաստանում փաստորեն գործելու է երկու կառավարություն՝ տնտեսական կամ, այսպես ասած, վարչատնտեսական կառավարություն և պայմանական կառավարություն՝ Անվտանգության խորհուրդ անվանումով, որը կզբաղվի արդեն անվտանգության և պաշտպանության հարցերով:

Այստեղ հարց է առաջանում, եթե Անվտանգության խորհրդի անդամ լինելու են նույն կառավարության անդամները, ի՞նչ կարիք կա անվտանգության և պաշտպանության հարցերում քաղաքականություն մշակելու և որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահել Անվտանգության խորհրդին, ոչ թե թողնել հենց կառավարությանը: Մի բան ակնհայտ է, Հրայր Թովմասյանը հանել է ինտրիգը՝ Սերժ Սարգսյանի «կամ-կամ»-ը: Այսինքն՝ Սարգսյանը չի կարող ընտրել կա՛մ վարչապետ, կա՛մ ԱԽ ղեկավար, քանի որ Սահմանադրությունը ենթադրում է «և-և»: ՀՀԿ-ում աստիճանաբար հանրությանը վարժեցնում են Սերժ Սարգսյանի համազգային մասշտաբի գաղափարին: Կասկածից վեր է, որ գործ ունենք ոչ թե գեղարվեստական ձևակերպման կամ պատկերավոր արտահայտության, այլ քաղաքական նոր կարգավիճակի հետ, որը փորձում են ասոցացնել Սերժ Սարգսյանի անվան հետ: Սերժ Սարգսյանը փաստացի ընտրել է իշխանությունը վերարտադրելու ամենաանհաջող տարբերակներից մեկը՝ մանավանդ, որ նոր Սահմանադրությունն ու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները թույլ են տալիս, որպեսզի Սարգսյանը, որպես հաղթած քաղաքական ուժի ղեկավար, միանգամայն լեգիտիմ հիմքով զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ ձևավորելով նոր իշխանություն: Դա լիովին տեղավորվում է նաև «և-և»-ի տրամաբանության մեջ:

Ստելլա Խաչատրյան