Առանց մարդկանց միջև հաշտության հասնելու քաղաքական պայմանավորվածությունները երկարատև չեն լինի, կարծում է իսրայելացի հրապարակախոսը:
Հայերն ու ադրբեջանցիները պետք է միմյանց և Արցախ ազատ այցելելու հնարավորություն ունենան, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իսրայելացի հրապարակախոս և հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը:
«Մի քանի ամիս առաջ ես եղա Ստեփանակերտում: Առանց մարդկանց միջև հաշտության հասնելու հակամարտությունը լուծում ստանալ չի կարող: Համոզված եմ, որ ցանկացած հայ իրավունք ունի Ադրբեջան այցելելու, առավել ևս այն հայերը, ովքեր անտեղ ծնվել են, ովքեր այնտեղ թաղված նախնիներ ունեն», — ասաց Էսկինը:
Նրա խոսքով` ադրբեջանցիների համար ևս պետք է հասանելի լինի ցանկացած տարածք այցելելը, ներառյալ՝ Արցախ: Միայն նման որոշումը կարող է հաշտության հանգեցնել:
«Բայց քանի դեռ Ադրբեջանն իր սև ցուցակում է ներառում Արցախ այցելած մարդկանց, դա, մեղմ ասած, ոչ բարեկամական մթնոլորտ է ստեղծում», — ասաց Էսկինը:
Նա հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական կապեր կհաստատվեն: Ընդ որում, Էսկինի խոսքով, այս խնդիրն առկա է նաև իսրայելացիների և պաղեստինցիների միջև` միջանձնային մակարդակում դեռ որևէ բարելավում չի նկատվում:
«Քանի դեռ դա չկա, ցանկացած քաղաքական պայմանավորվածություն թույլ է և կարճաժամկետ», — նշեց Էսկինը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի խնդրի շուրջ հակամարտությունը սկսվել է 1988 թ.-ի փետրվարին, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտարարեց Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին։ 1991թ.-ի սեպտեմբերին ԼՂԻՄ կենտրոնում` Ստեփանակերտում, հայտարարվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ստեղծելու մասին։ Ադրբեջանը դրան հաջորդած ռազմական հակամարտության ընթացքում կորցրեց հսկողությունն Արցախի նկատմամբ։
Ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում