Երեւանի պետհամալսարանի ռեկտորի օգնականի հայտարարությունը՝ «ախալքալակցիներին բեր», որով նա դիմագրավում էր դասադուլի կոչ անող ուսանողներին եւ առաջացնում բախում, արժանացավ բավական բուռն քննարկումների, թեեւ ռեկտորի օգնականն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց դրա համար:
«Ալաքալակցիների» կամ ջավախքահայ ուսանողների թեման սակայն այդքանով ավարտվեց, թեեւ այն բավական հետաքրքիր է շատ ավելի խորքային ու ռազմավարական իմաստով: Ջավախքից Հայաստան սովորելու են գալիս բազմաթիվ երիտասարդներ: Ի՞նչ է լինում նրանց սովորածը հետագայում, նրանց ստացած համալսարանական կրթությունը: Այն ծառայու՞մ է Ջավախքին, թե Հայաստանում ընդամենը վերածվում իշխող կուսակցությանը կից տարատեսակ ֆունկցիոներության, հայրենակցական միությունների կամ հենց անմիջականորեն երիտկուսակցական կառույցների միջոցով:
Գագիկ Ծառուկյանը դիմում է իր կուսակից, ջավախքահայ Ստեփան Մարգարյանին ու հայտարարում, որ պետք է Վրաստանի իշխանության հետ ակտիվ գործակցել, առավել եւս, որ Վրաստանում իշխանության են եկել «մերոնք»: «Մերոնք» Վրաստանում եկել են իշխանության, իսկ Վրաստանից մերոնք գալիս են Հայաստան համալսարանական կրթություն ստանալու եւ տեղի կուսակցությունները համալրելու:
Իսկ ինչու ջավախքահայ երիտասարդությունը չի գնում սովորելու վրացական բուհերում, համալրելու վրացական քաղաքական դաշտը, այնտեղ բարձրացնելով հայկական գործոնի դերը: Վրաստանում կա մի քանի հարյուր հազար հայ, բայց լինելով Վրաստանի բնակչության մոտ տասը տոկոսը, հայերը Վրաստանի պետական, քաղաքական եւ հասարակական կյանքում թերեւս չունեն անգամ 3 տոկոսի ազդեցություն՝ որպես համայնք, որն ունի ռազմավարություն, առաջնահերթություններ, օրակարգ եւ այդ ուղղությամբ հստակ աշխատում է պաշտոնական Թբիլիսիի հետ:
Հասկանալի է նաեւ, որ Վրաստանում կա հակադրություն հայկական գործոնի համեմատ: Բայց հենց այդ հակադրության մեջ մրցունակ լինելու համար պետք է սովորելու գնալ Թբիլիսիում՝ բառի բուն եւ պատկերավոր իմաստով, որովհետեւ Հայաստան գալով, Հայաստանում իշխանության ձեռքի գործիքներից մեկը դառնալով, թեկուզ Ջավախքի մասին ուլտրահայրենասիրական հայտարարություններով, Վրաստանի հայկական համայնքը կամ գործոնը մրցունակ չի դառնում:
Օրինակ, եթե ամերիկահայ կամ ֆրանսահայ սփյուռքը ուսանելու գար Երեւան, ապա ներկայում ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում նշանակալի հայկական լոբբինգ հազիվ թե գոյություն ունենար: Բայց ամերիկահայերն ու ֆրանսահայերը ինտեգրվել են տեղական կյանքին, որպեսզի տեղ ունենան այդ կյանքում:
Հայաստանը Ջավախքի բնակչությանը, վիրահայերին պետք է աջակցություն ցուցաբերի հենց այդ՝ Վրաստանի կյանքին ինտեգրվելու հարցում, որովհետեւ միայն դրանով է հնարավոր արդյունավետ ռազմավարական աջակցություն ցուցաբերել այդ երկրում հայկական համայնքի համար կարեւորագույն խնդիրների լուծման գործին:
Ջավախքի «զորքը» պետք է «գրոհի» Վրաստանի բուհական հաստատությունները, ոչ թե Հայաստանում օգտագործվի դասադուլ «ցրողի» կարգավիճակում: Ջավախքին դա է պետք, եւ միայն այդ դեպքում է հնարավոր վստահ եւ ճշգրտորեն արձանագրել մերոնց հաջողությունները Վրաստանում: