Մոսկվայում հայ տաքսու վարորդ է կալանավորվել ուղևորին թունավորման միջոցով սպանելու և թալանելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, 29-ամյա Վահագն Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 1.5 ամիս ժամկետով կալանավորումը:

Կասկածյալի վարձակալած բնակարանի խուզարկության արդյունքում իրավապահ մարմինները հայտնաբերել են 20 բջջային հեռախոս, ուժեղ ազդեցություն թողնող 190 դեղահաբ և ձեռքի 98 ժամացույց:

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով' «մարդու առողջությանը միտումնավոր կերպով ծանր վնաս հասցնելը, որն անզգուշորեն մահվան պատճառ է հանդիսացել» և «առողջությանը ծանր վնաս հասցնելու եղանակով թալանելը»:

2017թ. ապրիլի 9-ին Մոսկվայում հայտնաբերվել է 51-ամյա ռադիոհաղորդավար Արթուր Բիտովի դին' առանց երևացող մարմնական վնասվածքների: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով տուժողի մահվան պատճառ է հանդիսացել թունավորումն էթիլային սպիրտից և հոգեմետ դեղահաբերից: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել հունիսին, իսկ հոկտեմբերի 16-ին որպես մեղադրյալ կալանավորվել է 29-ամյա Վահագն Կարապետյանը:

Հետաքննության տվյալներով նա 2015թ.-ից իրականացրել է մասնավոր փոխադրումներ և ուղևորներին տարբեր առիթներով առաջարկել է հանքային ջուր խմել, որի մեջ նախօրոք հոգեմետ դեղահաբեր է լցրել: Այնուհետև, սպասելով, մինչև դեղահաբերը կթողնեն իրենց ազդեցությունը, նա գողացել է նրանց թանկարժեք իրերը: