Կաննի նշանավոր Փառատոնների պալատում կայացել է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան: Հոկտեմբերի 17-ին նախագիծը ներկայացրել են դրա պրոդյուսերները՝ Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը եւ «Սրեդա» կինոընկերության գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն, ինչպես նաեւ դերասաններ Կոնստանտին Խաբենսկին եւ Օլգա Սուտուլովան:
Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակի կապակցությամբ ստեղծված սերիալի շնորհանդեսը դարձել է MIPCOM աուդիովիզուալ կոնտենտի շուկայի գլխավոր իրադարձությունը, որը հոկտեմբերի 16-ին բացվել է Լազուրե ափին: Գրանդ-լսարանում հավաքված Կաննի հանրությանը ցուցադրվել է ութմասանոց ֆիլմի առաջին էպիզոդը: Առաջին ալիքի գլխավոր տնօրենի խոսքով՝ ֆիլմի ստեղծողները մտադրություն չեն ունեցել Տրոցկու կենսագրությունը վերարտադրել իրականությանն առավելագույնս մոտեցված:
«20-րդ դարասկզբի քաղաքական գործչի կյանքի մասին պատմելու համար, իհարկե, ժամանակակից հեռուստատեսությունը պետք է օգտագործի այնպիսի լեզու, որը հասկանում է լսարանի մեծ մասը»,-նշել է նա: «Տրոցկի» սերիալի ռեժիսորը Ալեքսանդր Կոտն է: Նկարահանումներին մասնակցել են նաեւ Մաքսիմ Մատվեեւը, Եվգենի Ստիչկինը, Միխայիլ Պորեչենկովը, Սերգեյ Գարմաշը, Վիկտորյա Պոլտորակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: