Ամերիկացի հետազոտողները մշակել են պատրաստուկ, որի ներարկումները նվազեցնում են ախորժակը, թույլ են տալիս պայքարել ավելորդ քաշի դեմ եւ իջեցնել շաքարախտի զարգացման ռիսկը: Պատրաստուկը հաջողությամբ թեստավորվել է կապիկների վրա:
Այդ մասին հայտնել է New Scientist հրատարակությունը: Պատրաստուկի գործող բաղադրիչը GDF15 սպիտակուցն է: Հաստատվել է, որ այն կարգավորում է կենդանիների, ներառյալ մարդու մարմնի քաշը: Բացի այդ, կրծողների վրա անցկացված գիտափորձերը ցույց են տվել, որ սպիտակուցն օգնում է կանխել ճարպի կուտակումը եւ արագացնել օրգանիզմում դրա այրումը:
Սակայն GDF15-ն արագորեն քայքայվում է՝ հայտնվելով արյան մեջ: Հետազոտողները սպիտակուցին ավելացրել են հակամարմինների մասնիկներ, ինչը մեծացրել է GDF15-ի գործառման տեւողությունը: Ճարպակալումից տառապող կապիկների վրա կատարված գիտափորձերը ցույց են տվել, որ կենդանիներն սկսել են սովորականից 40 տոկոսով պակաս սնունդ օգտագործել:
Շաբաթական ներարկումները հանգեցրել են 42 օրվա ընթացքում 10 տոկոսով մարմնի քաշի նվազեցման: Բացի այդ, փոքրացել է երկրորդ տիպի դիաբետով հիվանդանալու հավանականությունը: