Հայաստանի առաջին և միակ դելֆինարիումը, բնապահպանների համոզմամբ, փակվել է, քանի որ դելֆինները հիվանդացել են: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը lragir.am-ին հայտնում է, որ միջազգային մասնագետները դեռ դելֆինարիումի շահագործման օրը հայտնել են, որ դելֆինները 2 տարուց ավելի չեն կարող գոյատեւել այդ պայմաններում:
«Այս դեպքում նրանք հասկացան, որ եթե գումարներ ծախսեն դելֆիններին բուժելու համար, ավելի քիչ եկամուտ են ստանալու, դրա համար էլ որոշեցին փակել: Իսկ այն, թե պայմանագիրը չի երկարացվում, դա պարզապես հորինված պատճառաբանություն է»,- համոզված է Ադամյանը:
Հիշեցնենք, որ դելֆինարիումը կառուցվել է շատ արագ' 2 ամսում եւ 2010-ի դեկտեմբերի 24-ին հանձնվել է շահագործման: Այն ուկրաինական «Ներում» կազմակերպությանն էր պատկանում, որին արգելել են Ուկրաինայում գործել:
16 մ երկարություն և 5 մ բարձրություն ունեցող լողավազանը իրականում չէր համապատասխանում օրական 100 կմ լողացող, առնվազն 2,5 մ երկարություն ունեցող դելֆիններին, ինչպես նաեւ ծովառյուծին ու երկու ծովային կատուներին:
Դելֆինարիումը առաջին անգամ չի փակվում: Այն ժամանակավորապես փակվեց 2012 թ. ապրիլին: Այդ ժամանակ դելֆինարիումի աշխատակիցները պատճառաբանեցին, որ դելֆիններին տանում են շրջագայության, իսկ բնապահպանները փաստեցին, որ դելֆիններն իրականում ունեն առողջական խնդիրներ, քանի որ քլորացված ջրից դելֆինները կարող են կուրանալ ու հիվանդանալ:
«Ակնհայտ է, որ նրանք Հայաստան բերեցին նոր դելֆիններ, որոնք փաստորեն եւս չդիմացան այդ պայմաններին»,- համոզված է Ադամյանը:
2010-ին 50 հասարակական կազմակերպություններից կազմված Էկոդաշինքը դիմել էր ՀՀ վարչական դատարան, որ ստիպեն ՀՀ բնապահպանության նախարարությանը դելֆինարիումում փորձաքննություն անցկացնել:
«Դատաարնում մեզ ճանաչեցին ոչ պատշաճ հայցվոր, ասացին դուք ճիշտ եք, բայց դելֆինների հետ անմիջական կապ չունեք: Այսինքն մենք իրավունք չունեցանք դելֆինների իրավունքները պաշտպանել, իսկ մեր ժողովուրդը բոլորը շատ ուրախ ու երջանիկ գնում էին դելֆիններին դիտելու, ու ոչ մեկը չէր ուզում լսել ու հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում»,- ցավով նշում է Ադամյանը:
Նրանք տեղյակ չեն, թե ինչ է եղել առաջին դելֆինների հետ, իսկ երկրորդ անգամ բերված դելֆինները, նրանց տվյալներով, այժմ Կատարի պետությունում են: Նրանք պատրաստվում են հարցումներ ուղարկել, որ պարզեն, թե ինչ է լինելու այդ դելֆինների հետ: