Հոկտեմբերի 5-ին, ոստիկանության Երեւան քաղաքի մետրոպոլիտենի պահպանության բաժին դիմել մի կին՝ հայտնելով ոստիկաններին, որ հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում ավտոմեքենայում մի տղամարդ բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել։
Հոկտեմբերի 6-ին կասկածանքով Նոյեմբերյանի բաժին բերման ենթարկվեց Լոռու մարզի 35-ամյա մի բնակիչ։
Դեպքից 8 օր անց ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել կասկածյալի փաստաբանը եւ հայտնել, որ իր պաշտպանյալի հորը զանգահարել է ոմն Սամվել եւ հայտնել, որ ինքն տուժող կնոջ ծանոթն է եւ պահանջել 5000 դոլար բողոքը հետ վերցնելու համար։ Պայմանավորվել են հանդիպել։
Պարզվել է՝ ոմն Սամվելը Տավուշի մարզի բնակիչ 47-ամյա Սամվել Մ.-ն է։ Պայմանավորված օրը Սամվել Մ.-ն եւ տուժող կինը հանդիպել են կասկածյալի հոր հետ: Վերջինս 23 հատ հարյուր դոլարանոց է փոխանցում տուժողին, ով դրանք տալիս է Սամվել Մ.-ին։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Տավուշի մարզային վարչությունները,ինչպես նաեւ Նոյեմբերյանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Սամվել Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվեց 2300 դոլար։ Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ շորթման հատկանիշներով։ Դեպքի հանգամանքները քննվում են։