Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ճանաչողական այցով Արցախ ժամանած՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բրավոյին և Կառլոս Էռնանդես Միրոնին։
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մասիս Մայիլյանը ողջունել է մեքսիկացի պատգամավորների այցն Արցախ և հույս հայտնել, որ այն կդառնա երկկողմ համագործակցության հաստատմանն ուղղված առաջին քայլը։ Այս համատեքստում տեղի ունեցավ փոխգործակցության հեռանկարային ուղղությունների վերաբերյալ կարծիքների փոխանակում։
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը պատգամավորներին է ներկայացրել նաև Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին։
Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։