ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բաց նամակ է հղել երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին.

«Սիրելի Շուշան,

Նամակիս վրա չզարմանաս. Հայաստանում էպիստոլյար ժանրը ծաղկում է ապրում'բաց նամակներ հղելու տեսքով:
Ես ստեղծում եմ մեկ այլ նախադեպ՝ բաց եմ գրում իմ կուսակցին և իմ ընկերոջը, որպեսզի կարդան բոլորը:

Շուշան ջան, վերջին օրերի ընթացքում ականատես եմ լինում քեզ և քո առիթով՝ ՀՀԿ-ի վրա լայնածավալ հրապարակային լեզվահարձակումների:

Տարբեր տրամաչափի գործիչներ փորձում են շահարկել քո որոշ արտահայտությունները:

Խոստովանեմ, Շուշան, ինձ համար դու երգչուհի ես և ընկեր, այո, նաև կուսակից:
Խոստովանեմ նաև, որ գուցե քո ոչ բոլոր արտահայտություններն են, որ քաղաքական լեքսիկոնում ընդունված ձևակերպումներով կլորավուն և սահուն են:

Դու հաճախ անմիջական ես և շիտակ, միաժամանակ՝ միամիտ:

Քաղաքական և լրագրողական դաշտը, ցավոք, սովոր չէ այդպիսի կերպարների:

Հոգեվերլուծաբաններին եմ թողնում «խիյարացավով» տառապող մարդկանց ներաշխարհի բժշկահոգեբանական վերլուծությունը:

Ցավով եմ նշում նաև, որ Հայաստանում մտքի ճգնաժամ է առհասարակ:

Հիշու՞մ ես, Շուշան, մեր մանկության սիրած մուլտֆիլմերից մեկը՝ Քիփլինգի հեքիաթի մոտիվներով. չնեղանաս, քույր, այս ամենն ես նմանեցնում եմ մի դրվագի այդ ֆիլմից, երբ շեկ շների ոհմակը հարձակվում էր մի խումբ ուժեղ և բարի հերոսների վրա: Տեսնելով, թե ինչ թաթալոշներ ես տալիս աջ ու ձախ քեզ վրա հարձակվող էակներին, ակամայից քեզ համեմատում եմ այդ հեքիաթի հերոսների հետ' նույնքան բարի և ուժեղ, ազնիվ և նվիրված:

Խորհրդային միության ժամանակ մշակույթի գործիչներին հաճախ էին "травля"-ի ենթարկում: Զավեշտալի է, չէ՞, երբ մեր օրերի "ժողովրդավարները" գործում են սովետական քարոզչամեքենայի ոճով:

Ֆիզիկայից հայտնի է, որ էլեկտրական հոսանքը գերադասում է ուղղվել փոքր դիմադրության ճանապարհով: Ցավում եմ, որ որոշ լրատվանմիջոցներ, փոխանակ ամոքեն' ենթադրվում է խոցված ինքնասիրությունը՝ «շաշ-անտերների» մասով, գերադասում են ինքնադրսևորման և ինքնակայացման անհաջող փորձեր կատարել՝ կասկածելի միավորներ հավաքելով քո՝ նորից կրկնեմ գուցե ոչ այնքան հաջող ձևակերպումների առիթով:

Շուշ ջան, պինդ կաց. բոլորս անցել ենք այդ ճանապարհով, սա էլ է քաղաքական գործչի համար: Դու ազնիվ ես, ուժեղ և տոկուն, ինչպես յուրաքանչյուր մարդ, ով հոգում լույս ունի:

Շուշան, դու անսահման սիրված ես, քեզ և քո երգը սիրում է նաև հայ զինվորը, մեր սահմանների ամուր լինելու մեջ դու էլ ունես քո համեստ, բայց կարևոր լուման:

Մնացած ամեն ինչ, Շուշան, անցողիկ է:

Համբուրում եմ:
Հարգանքով և սիրով՝ քո ընկեր Արմեն:

Հ.Գ. Օգտվելով առիթից՝ նաև հիշեցնեմ քեզ, որ մեր փոխադարձ խոստումը մնաց անկատար: Հուսամ՝ մոտ ապագայում առիթ կունենանք միասին աշխատել երաժշտական ստուդիայում: Հիշու՞մ ես՝ ես քեզ երգ եմ խոստացել»: