«Քաղաքական ահաբեկչությունը ցանկացած երկրի համար վատ է: Ցավոք սրտի՝ մեր երիտասարդ պետությունը ևս զերծ չմնաց այդ փորձությունից: Ես վստահ եմ՝ եթե Վազգեն Սարգսյանը լիներ, հպարտ կլիներ առաջընթացի համար, որ տարիների ընթացքում ապրել է ՀՀ-ը: Հպարտ կլիներ՝ տեսնելու մեր բանակը, Զինված ուժերը, և իհարկե, մենք էլ ամուր կզգայինք մեզ` ունենալով այդպիսի ազգային գործչի տեսլականը և ներկայությունը մեր երկրի կայացման գործում»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` անդրադառնալով 18 տարի առաջ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին: Հարցին` ո՞ւմ էր ձեռնտու հոկտեմբերի 27-ը, քանի որ վարկածներ կան, որ ձեռնտու էր Ռուսաստանին, Ռոբերտ Քոչարյանին, նախարարը պատասխանեց. «Ես վարկածներ երբևէ չեմ մեկնաբանում: Ես կարծում եմ՝ ցանկացած հանցագործություն պետք է պարզաբանեն համապատասխան մարմինները, իսկ ես առիթ չունեմ չվստահելու մեր դատական համակարգին»,-նշեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Սոնա Հարությունյան