Արա Բաբլոյանի սկանդալային հայտարարությունն այն մասին, որ հոկտեմբերյան ողբերգությունը հայ քաղաքական կյանքում ոչինիչ չի փոխել և քաղաքական կյանքը նույն հունով է զարգացել, հավանաբար դեռ շատ կքննարկվի։
Արա Բաբլոյանի այս հայտարարությունը ապացույցն է ներկայիս իշխանությունների այն համոզմունքի, որ իրենք են լավագույնը, և այս 25 տարիների ընթացքում իշխանությունն այլ կադրային դրսևորում չէր էլ կարող ունենալ։ Դժվար թե որևէ մեկը հիշի այնպիսի իրադարձություն, որ ավելի մեծ հույսեր է առաջացրել հայ հասարակության շրջանում, քան Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի «Միասնությունը»։ Եվ հիմա Արա Բաբլոյանն իր գործընկերների հետ հասե՞լ է արդյոք այն քաղաքական հեռանկարին, որին ձգտում էր մեր ժողովուրդը՝ վերոնշյալ Ազգային հերոսների հետ։ Վիգեն Սարգսյանն էլ իր հերթին՝ Եռաբլուրում հայտարարեց, որ Վազգեն Սարգսյանը հպարտ կլիներ տեսնելով ներկայիս բանակը։ Այն, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակը 90-ականներին ավելի մարտունակ էր՝ առանց ներկայիս բանակի ունեցած սպառազինության ու շատ այլ ռեսուրսների՝ փաստ է, դրա մասին վկայությունը ներկայիս Արցախն է։ Իսկ ներկայիս բանակի ամենամեծ փորձությունը Ապրիլիյան քառօրյան էր, որի արդյունքը հայտնի է բոլորին։
Այսպիսի հայտարարություններով իշխանությունները ցույց են տալիս, որ կորցրել են իրականության զգացումը։ Քանի որ ոչ քաղաքական հեռանկարի և լեգիտիմության, և ոչ էլ բանակաշինության առումով, ներկայիս իշխանությունները իրավունք չունեն կասկածի տակ դնելու հոկտեմբերյան ողբերգության զոհերի դերակատարությունը։
Վաչիկ Գրիգորյան