Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականացրել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ (հաշմված), Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Չարչյանն ասել է, որ հայրենիքի պաշտպանության ժամանակ երիտասարդը ծայրահեղ ծանր վիրավորում էր ստացել որովայնի, կրծքավանդակի խոռոչի, կոնքազդրային հոդի հատվածներում: Առաջին իսկ կանչով «Իզմիրլյան» կենտրոնի լավագույն մասնագետների հետ ժամանել են Ստեփանակերտ, որպեսզի տեղի մասնագետների հետ իրականացնեն այս բարդ վիրահատությունը՝ հույս ունենալով, որ մի քանի ամիս հետո Էրիկը կկարողանա քայլել:
«Առաջին էտապով կատարվել է կյանքին սպառնացող վերքերի ապաքինում, հեռացվել է երիկամ, որովայնում աղիքների որոշակի ռեզեկցիա է կատարվել: Վիրահատությունը անցել է առանց բարդությունների, և պլաստիկ վիրահատությունների արդյունքում Էրիկը մեկ ու կես տարի տևած անշարժությունից հետո կարողանա ինքնուրույն քայլել»,- ասել է Չարչյանը: