«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է հյուրանոցային բումը։ Հյուրանոց են կառուցում գրեթե բոլորը․ Գագիկ Խաչատրյանը՝ «Մարիոթ», Գագիկ Ծառուկյանը՝ «Կեմպինսկի», Դերժավայի Արկադին` ԵՊՀ-ի հյուրատան տեղում, անգամ Իոսիֆ Կոբզոնը Ղրիմի Արտակի (Թովմասյան) հետ նախկին «Դվինի» տեղում թանկարժեք կառույց է վեր խոյացնում։ Բոլորն շտապում են։
Առաջիկա տարին հյուրերի առումով խիստ արգասաբեր է լինելու «կառուցապատողների» համար՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության հարյուրամյակ, Երեւանի 1800-ամյակ։ Սակայն հյուրանոցաշինությունը մեկ այլ հմայք էլ ունի Հայաստանում․ եթե ներդրվում է 100 միլիոն դոլար, ապա ներդրողն իրավունք ունի նաեւ հյուրանոցի ներսում, անգամ Երեւանում, կազինո բացել, ինչպես, օրինակ, «Շանգրիլան»։
Այս առումով միմյանց հետ լուրջ մրցակցության մեջ են Կոբզոնի «նորակառույցն» ու Ծառուկյանի ապագա «Գրանդ հոթել Կեմպինսկի Երեւան» հյուրանոցային համալիրները։ Ի դեպ, օրեր առաջ Ռիգայում էլ բացվել է Ծառուկյանի «Գրանդ հոթել Կեմպինսկի Ռիգա» հյուրանոցը, սակայն Ծառուկյանը բացմանը ներկա չի եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում