Երևանի ավագանու' մայիսին 5-ին կայանալիք ընտրություններին մասնակցության ձևաչափի վերաբերյալ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում դեռևս քննարկում չի եղել: Այս մասին Lragir.am-ին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարևորել էր ավագանու ընտրություններում միասնական ցուցակով մասնակցելու գաղափարը' նկատի ունենալով ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, Ժառանգության և ՀԱԿ-ի ջանքերի համախմբումը' նշելով, որ դա ճանապարհ կբացի նաև հետագայում իշխանափոխության համար: Անդրադառնալով այս հարցին' Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ քննարկումները մարտի 11-ից շուտ չեն լինի:
«11-12-ին երևի կլինի քաղխորհրդի հաջորդ նիստը, որի ժամանակ մենք կքննարկենք ավագանու ընտրություններին մասնակցության մեր ձևաչափը: Դա ևս մոտեցում է, դա ևս տեսակ է, և հնարավոր է, որ մեր քաղխորհրդի նիստում այդ մոտեցումը, այդ տարբերակը ևս քննարկվի: Այս պահին նման քննարկում չի եղել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը' նշելով, որ որքան ինքն է տեղյակ' ՀԱԿ-ից նման պաշտոնական առաջարկ ԲՀԿ-ին չի արվել:
Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Lragir.am-ին ասաց, որ իրենք հարցը դեռ չեն քննարկել: «Դեռևս չենք քննարկել ավագանու ընտրություններին մասնակցության հետ կապված խնդիրները' ոչ ձևաչափ, ոչ ցուցակ: Երբ որ քննարկենք, բնականաբար, կանդրադառնանք նաև տարբեր առաջարկություններին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ իր կարծիքով կարևոր է, որ քննարկվեն միասնական թեկնածուով ընտրություններին գնալու և դրական, և բացասական կողմերը: Այդ առաջարկն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, բավական տրամաբանական առաջարկ է: Նա, սակայն, նշեց, որ այս հարցի հետ կապված պաշտոնական առաջարկ ՀԱԿ-ից դեռևս չի եղել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Lragir.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀԱԿ-ից առաջ ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանն էր հանրահավաքում հայտարարել, որ ճիշտ ու խելացի քայլ կլինի ավագանու ընտրություններին գնալ ընդդիմության հետ համախմբված: Աղվան Վարդանյանը նշեց, որ ավելի վաղ այդ մասին ՀՅԴ անդամները մի քանի անգամ եթերով են հայտարարել: «Մանրամասները քննարկելու ենթակա հարցեր են»,- ասաց նա: