Նյու Յորք Թայմսը «Դեմքից վտանգ զգալով» վերնագրով հոդված է հրապարակել՝ ներկայացնելով Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատախազ Ջորջ Գասքոնի մամուլի խոսնակ, դատախազ Ալեքս Բաստյանի պատմությունը, որին Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում մի քանի ժամ հարցաքննել են՝ Հայաստան և Հունաստան կատարած նրա այցերի մասին:
Բաստյանը հետևյալ կերպ է նկարագրում իր հետ պատահածը: «Յուրաքանչյուր օր միջազգային օդանավակայաններում ԱՄՆ քաղաքացիներ են ձերբակալվում՝ առանց որևէ հիմնավորման, սակայն ինձ հետ պատահած միջադեպը տեղի է ունեցել ոչ թե օտարերկրյա պետությունում, այլ հենց ԱՄՆ օդանավակայանում: Այս ամսվա սկզբին ես վերդարձա Սան-Ֆրանցիսկո՝ Հայաստան և Հունաստան կատարած ուղևորությունից հետո: Առանց որևէ հիմնավորման և հարցի, առանց մանրակրկիտ ուսումնասիրության, օդանավակայանի անվտանգության աշխատակիցն ինձ հանձնեց անվտանգության տերմինալին՝ դեմքիս վտանգ տեսնելով: Մեկ ժամ շարունակ ինձ հարցեր էին ուղղում: Ինձ հարցնում էին, թե ինչու եմ Հայաստան այցելել, արդյո՞ք Թուրքիա կամ Սիրիա եմ գնացել իմ արձակուրդի ժամանակ, փախստականների ճամբարներ այցելե՞լ եմ, թե՞ ոչ, անդամացե՞լ եմ այնպիսի խմբավորումների, ինչպիսին, օրինակ, Իսլամական պետությունն է և այլն»,-գրել է Բաստյանը:
Բաստյանը հայ քրիստոնյա է, նա անվտանգության աշխատակիցներին բացատրել է, թե ինչպես է իր ընտանիքը փախել Լիբանանից քաղաքացիական պատերազմի տարիներին և նման խմբավորումների հանդիպելը կարող էր հանգեցնել նրա առևանգմանը կամ գլխատմանը: