Ազգային ժողովում մեկնարկած 2018 թ. բյուջեի քննարկումների ժամանակ՝ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով հարկային եկամուտների ցուցանիշները, նշեց, որ 2018 թվականին նախատեսվում է հարկային եկամուտների 1 տրիլիոն 247.9 մլրդ դրամ գրանցել, ինչը 2017 թվականի ցուցանիշը 9.9 տոկոսով ավելին է: Նա նշեց, որ ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ՊԵԿ-ն արձանագրել է հարկային եկամուտների 49.1 մլրդ դրամի չափով աճ. «Այս աճը ԱԱՀ վերադարձը չի ներառում։ 2017թ.-ից սկսած՝ մենք ԱԱՀ գերավճարի վերադարձի գումարներն այլ կերպ ենք հաշվառում։ Այժմ դրանք եկամուտներից նվազեցնում ենք, այլ ոչ թե համապատասխան ծախսային հոդվածներով ենք արտացոլում։ Համադրելի պատկերի առումով իրավիճակը հետևայլն է՝ ոչ թե արդեն 49.1 մլրդի չափով եկամուտների աճ է գրանցվել, այլ 74.1 մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, որը նախորդ տարվա համեմատ՝ 9.5 տոկոսով ավելի է»,-նկատեց նա։
Միրումյանի խոսքով՝ հարկային եկամուտների աճի արդյունքում գերավճարների նվազումը կազմել է 22 մլրդ դրամ, հարկային ստուգումների մասով գրանցվել է 48 տոկոսի նվազում։
Վախթանգ Միրումյանի նշած ձեռքբերումների հետ կարծես համամիտ չէր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Վերջինս Միրումյանից հետաքրքվեց՝ ինչո՞ւ են հարկային տեռորի ենթարկում հարկ վճարողներին` ընգծելով, որ հենց դրա դեմ պետք է պայքարել:
Բագրատյանին խոսքն ավարտել թույլ չտվեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ տեղից բղավելով, որ եթե կա նման դեպք, պատգամավորը պետք է անուններ հնչեցնի և մասնավորեցնի: «Անուննե՛ր տվեք»,-ասաց Վարդան Հարությունյանը՝ թույլ չտալով Բագրատյանին՝ նեղը գցել Վախթանգ Միրումյանին:
ՊԵկ նախագահի այս արձագանքից հետո Սերգեյ Բագրատյանը մեղմացրեց հարցադրման տոնը՝ խոստանալով ներկայացնել փաստեր:
Բագրատյան-Հարությունյան դուելին միջամտեց հանձնաժողովի նիստը վարող Խոսրով Հարությունյանը՝ կողմերին խորհուրդ տալով կրքեր չբորբոքել:
ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց, որ մաքսային սահմանին հումքի և մեքենաների սարքավորումները ԱԱՀ-ից ազատելով, ՊԵԿ հարկային եկամուտները չեն նվազելու։
Անդրադառնալով հարկային օրենսգրքով պայմանավորված փոփոխություններին՝ նշեց, որ յուրաքանչյուր հարկատեսակի գծով կան գնահատականներ. «Ակցիզային հարկի գծով նախատեսվում է 16.74 մլրդ դրամ հարկային եկամտի աճ, օղու գծով՝ 1.86, ծխախոտի՝ 4.67, բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.93 մլրդ դրամ, սեղմած գազի գծով՝ 7.35 մլրդ դրամ և այլն», - նշեց Միրումյանը։
Վերջինս նկատեց, որ սրանք դրական ազդեցություններն են, մինչդեռ օրենսգիրքն ունի նաև բացասական ազդեցություններ։
«Օրինակ՝ ԱԱՀ-ի գծով մեր ակնալիքները կազմում են ընդհամենը -3.85 մլրդ դրամ, որովհետև ԱԱՀ հարկի մասին օրենքով եկամուտ բերող որևէ փոփոխություն չկա, փոխարենը կան ազատականացումներ, որոնք չեն կարող բացասական չազդել եկամուտի վրա։ Օրինակ՝ երբ 6 ամսվա կտրվածքով ԱԱՀ-ի գումարները վերադարձնելու ենք տնտեսվարող սուբյեկտներին, օտարերկրյա պետությունում գրանցված տրանսպորտային միջոցների համար վերացնում ենք ճանապարհային վճարը։ Սա է բացասական ազդեցությունը»,-հավելեց նա։