Երեկ՝ հոկտեմբերի 31-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է իր բնակարան մտնել, որը, սակայն, նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով է։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ դերասանը ցանկացել է մտնել այնտեղ, իր որոշ իրեր վերցնելու համար:
Նշվում է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո 82-ամյա դերասանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում, իսկ հետո ընկերները 3 սենյականոց բնակարան են վարձել նրա համար:
Վիտալինայի ընկերուհին մեկնաբանել է, թե ինչու են ձերբակալել Ջիգարխանյանին. «Դա Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, Ջիգարխանյանն այդ բնակարանի նկատմամբ ոչ մի իրավունք չունի։ Ջիգարխանյանն ընկերոջ հետ մտադիր է եղել բացել կողպեքները և կոտրել դուռը: Բնականաբար, կանչով ժամանած ոստիկանության ջոկատը բռնել է դերասանին և բնակարանը, թեև պայքարով, հաջողվել է պաշտպանել ոտնձգությունից»,- հայտարարել է նա:
Լուրերում նաև ասվում էր, որ Արմեն Ջիգարխանյանին ուղեկցել է ընկերը` բիզնեսմեն Արթուր Սողոմոնյանը, որին ևս ձերբակալել են: Սակայն ավելի ուշ՝ դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը, մեկնաբանելով այս լուրերը, նշել է, որ ձերբակալություն՝ որպես այդպիսին, չի եղել, սակայն իրավապահ մարմինների հետ եղել են բանակցություններ: Արմեն Ջիգարխանյանը փորձել է տնից վերցնել անձնագիրը, կենսաթոշակային գրքույկն ու էլի մի քանի փաստաթղթեր, բայց դռան փականները փոխված են եղել: Քանի որ տունը Վիտալինայի սեփականությունն է, ներկա են եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնց հետ դերասանը երկխոսություն է ունեցել ու վերադարձել թատրոն:
Հավելենք՝ տեղեկություններ եղան այն մասին, որ հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Ջիգարխանյանի կինը` ծնողների հետ միասին, լքել է Ռուսաստանը: Իսկ Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման հոկտեմբերի 30-ի թողարկման ժամանակ դերասանի ընտանեկան կոնֆլիկտը քննարկելու ժամանակ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի պաշտոնական ներկայացուցիչ Էլինա Մազուրը, նշել է, որ երկրից մեկնելը րոպեական զգացմունքային որոշում է եղել, այլ ոչ պլանավորված փախուստի փորձ:
Նշենք, որ դերասանի ամբողջ ունեցվածքը` անշարժ և շարժական գույքը գրանցված է Վիտալինայի անունով: