Հոկտեմբերի 31-ին Երևանում մեկնարկեց «Քոչարի» առաջին համահայկական փառատոնը, որին իրենց մասնակցություն էր բերել Երևանից և մարզերից շուրջ 19 համույթ՝ 500 մասնակցով:
Պարաձևի պահպանմանը միտված այս մեծամասշտաբ փառատոնի գաղափարը պատկանում է Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր բալետմայստեր, Ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանին:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը ներկա է գտնվել միջոցառմանը և հասցրել է «Քոչարի»-ի շուրջ կարճ զրույց ունենալ համահայկական փառատոնի գաղափարի հեղինակի հետ: Պարոն Գևորգյանն ասաց, որ այս փառատոնով նոր և կարևոր խոսք են ասում «Քոչարի»-ի՝ որպես հայկական պարաձևի պահպանման և պրոպագանդման կարևոր գործում: Հիշեցրեց, որ դեռևս նախորդ տարի՝ Մշակույթի նախարությունը դիմել էր UNESCO-ին՝ «Քոչարի»-ն ոչ նյութական արժեքների ցանկում ընդգրկելու համար, սակայն դա մեզ չհաջողվեց, քանի որ հարևան երկիրն, իր նավթադոլարների ընձեռած հնարավորություններով, փորձում է մեր մշակութային գոհարները սեփականաշնորհել և իրենց Չ-մշակույթը մի փոքր հագեցնել մեր հաշվին:
««Քոչարի»-ն մեր մշակութային այն արժեքներից է, որը տարիներ շարունակ ուղեկից է եղել մեր ժողովրդին: Հիմա դժվար է ասել, թե քանի տարեկան է այդ պարը, երևի ճիշտ այնքան, որքան հայ ժողովուրդը:
Մեր կողքի քոչվոր ցեղերին թվում է, թե մեկ պարով կարող են ամբողջացնել և աշխարհին ապացուցել, որ դա իրենց պարն է, բայց այսօր այս փառատոնով մենք գիտական հիմքով ապացուցում ենք՝ տեր ենք կանգնում մեր գոհարներին, այն արժեքներին, որ ժառանգել ենք դարերով:
Մենք ունենք 100-ից ավելի «Քոչարի»-ի ձևեր, սասունցին իրենն ունի, վասպուրականցին ու մուսալեռցին՝ իրենը, ալաշկերտցին՝ իրենը: «Քոչարի»-ն մեր ինքնության ամենավառ կերպերից մեկն է և հատուկ է միայն հայ ժողովրդին»,- ասաց Կարեն Գևորգյանը:
Ի պատասխան մեր այն հարցի, թե պետությունն ի՞նչ մակարդակով է հետաքրքրված «Քոչարի»-ով և դրա հետագա ճակատագրով, Գևորգյանն ասաց, որ փառատոնը կազմակերպված է Մշակույթի նախարարության աջակցությամբ: