Հատուկ քննչական ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը վերջին տարիներին զգալիորեն ավելացել է: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին հայտնեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը: «2012թ. հատուկ քննչական ծառայությունում քննվել է 204 քրեական գործ, 2013թ.' 239, 2014թ.՝ 546, 2015թ.' 761, 2016թ.' 757: 2017թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ մեզ մոտ 651 քրգործ է քննվել: Քննված գործերի 15,5 տոկոսը դատարան է ուղարկվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ընթացիկ տարվա 10 ամիսներին ՀՔԾ-ի յուրաքանչյուր քննիչի ամսական միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 3,1 տոկոս' նախորդ տարվա 2,74 % քրեական գործի դիմաց:
Վլադիմիր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՔԾ-ում քննված ամենաընդգրկուն գործերից մեկը զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու գործն է եղել: