Սիրիայում ԱՄՆ-ը և նրա ղեկավարած կոալիցիան արդեն այլ խնդիր են լուծում, որովհետև «Իսլամական պետություն»-ը հիմնականում կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, դիրքերը: Այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն՝ ընդգծելով, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում նոր փուլ է սկսվում:
-Պարոն Սաֆրաստյան, նյույորքյան ահաբեկչությունն, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ զարգացումների համատեքստում այն կարելի է դիտարկել:
-Կարծում եմ, որ սա կապ չունի մերձավորարևելյան կոնկրետ զարգացումների հետ, այն ընդհանուր գործընթացի շարունակություն է: Վերահսկողական տարածք կորցնելով՝ «Իսլամական պետություն»-ը դառնում է սովորական ահաբեկչական կազմակերպություն, որը փորձում է իր գործողությունները հնարավորինս տարածել տարբեր երկրներում: Փաստն այն է, որ «Իսլամական պետություն» խմբավորմանը հաջողվում է ծրագրել և իրագործել ահաբեկչությունը` ընդլայնելով տարածքները: Խմբավորումը հասնում ԱՄՆ և ես չեմ բացառում, որ ներքաշվեն Ամերիկա մայրցամաքի մյուս երկրները: Նյույորքյան ահաբեկչությունն այս խմբավորման հերթական քայլն է: Այս փուլում նման գործողություններով, խմբավորումը կարևոր խնդիր է լուծում, ցամաքի վրա պարտվելով, տարածքներ կորցնելով, փորձում է աշխարհին ցույց տալ, որ իր գոյությունը չի ավարտվել՝ գործողությունները տեղափոխելով այլ դաշտ:
-Այս ահաբեկչությունից հետո Միացյալ Նահանգներից ի՞նչ քայլեր ակնկալել: Արդյո՞ք ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիան ցամաքում նոր գործողությունների կդիմի:
-Առաջինը, որ պետք է սպասել ամերիկացիներից, իրենց հակաահաբեկչական պաշտպանական համակարգերն էլ ավելի ուժեղացնելն է: Դրանից բացի, կուժեղացվեն այն միջոցառումները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի մուտքի սահմանափակումներին: Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ կերպ կանդրադառնա ամերիկյան կոալիցիայի գործողությունների վրա: ԱՄՆ-ն և նրա ղեկավարած կոալիցիան Սիրիայում արդեն այլ խնդիր են լուծում, որովհետև «Իսլամական պետություն»-ը հիմնականում կորցրել է վերահսկողության տակ գտնվող տարածքները, դիրքերը: Ես կարծում եմ, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում նոր փուլ է սկսվում: Դրսի տարբեր ուժեր, որոնք ներգրավված են Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններում, կփորձեն իրենց դիրքերն ուժեղացնել: Հիմա ամերիկացիները փորձում են այդ խնդիրը լուծել իրենց դաշնակիցների հետ միասին:
-Դուք նշեցիք, որ Սիրիայում նոր փուլ է սկսվում: Տեսանք՝ օրեր առաջ ասվեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը սկսում է քաղաքական գործընթաց, հայտարարվեց նոր Սահմանադրությանը պատրաստվելու նախագահի պատրաստակամության մասին: Արդյո՞ք այս հայտարարությունը կարելի է դիտարկել սկսվող նոր փուլի համատեքստում:
-Այո: Այսօր մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում, այդ թվում, Սիրիայում «Իսլամական պետություն»-ը պարտության է մատնվել, այնտեղ մի փոքր տարածք է նրա ազդեցության տակ: Հետևաբար` արտաքին, ներքին ուժերը, Սիրիայի կառավարությունը կփորձեն, հնարավորությունների սահմաններում, ուժեղացել իրենց ազդեցությունը: Կսկսվի աշխարհաքաղաքական պայքար ԱՄՆ-ի Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Սիրիայի կառավարական ուժերի միջև:
-Այսինքն՝ կրակոցներից անցում է կատարվում քաղաքակա՞ն գործընթացների:
-Քաղաքական գործընթացը կա և այն ակտիվ է, սակայն ասել, որ կրակն ամբողջությամբ, կդադարի ճիշտ չի լինի: Չպետք է մոռանալ, որ քաղաքական դաշտն արտահայտում է այն, ինչ կա հողի վրա, ցամաքում: Իրավիճակը դեռ կարող է սրվել, որովհետև գնում է պայքար նավթի հանքերի համար: Կան տեղեկություններ այն մասին, որ ամերիկացիները դաշնակիցների հետ գրավում են նավթի խոշոր հանքերը: Կարծում եմ՝ այս պայքարը կշարունակվի տարբեր հարթակներում:
-Պարոն Սաֆրաստյան, Սիրիայի շուրջ 7-րդ միջազգային հանդիպման պատվիրակություններն օրեր առաջ Աստանայում էին: Այս բանակցություններն արդյո՞ք կարելի է հերթականը դիտարկել, ինչ-որ արդյունքներ ամեն դեպքում կարելի՞ է ակնկալել:
-Այս բանակցությունները, կարելի է ասել, որ որոշակի առումով իրենց նպատակին հասնում են: Համաձայն այդ բանակցությունների, գոտիներ են ստեղծվում: Աստանայի բանակցությունների ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ Թուրքիան, Իրանը որոշակի տակտիկական համաձայնության են եկել Սիրիայում: Տակտիկականը կա, սակայն քանի որ այս երկու երկրների աշխարհաքաղաքական շահերը չեն համընկնում, խիստ տարբերվում են, հետևաբար ռազմավարական առումով այս երկու երկրները պայքարի մեջ կմտնեն իմ ասած նոր սկսվող փուլում: Նպատակն իրենց դիրքերն ուժեղացնելն է: Պատահական չէ, որ Թուրքիան, նախապատրաստվելով այս նոր փուլին, սկսում է իր զորամիավորումների տեղադրումը Իդլիբ նահանգում: Սա տարբերվում է նախորդ փուլում ռազմական Թուրքիայի գործողություններից, որովհետև, ըստ տեղեկությունների, նախատեսվում է, որ Հյուսիսային Սիրիայում թուրքական ստորաբաժանումների ներկայությունը շատ ավելի երկար է սպասվում: Այսինքն` Թուրքիան, հույս չդնելով իր քաղաքական ազդեցության վրա, փորձում է ռազմական ներկայություն ապահովել Սիրիայում: Դրանով իր համար կարևոր խնդիր է լուծում՝ թույլ չտալով հյուսիսային Սիրիայի արևելյան շրջանում ձևավորվող քրդական ինքնավարությանն անմիջական կապ ունենալ հյուսիսային Սիրիայի արևմտյան հատվածում քրդերով բնակեցված տարածքների հետ:
-Օր առաջ Իրանի Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների հանդիպումն էր: Խոսվում է այն մասին, որ օրակարգում ճանապարհային միջանցքների հարցն է: Ըստ ձեզ՝ ի՞նչ համատեքստում կարելի է դիտարկել այս հանդիպումը:
-Նախնական տեղեկատվությունը սուղ է, բավական փակ է այդ հանդիպումը: Դժվար է որևիցե հստակ գնահատականներ տալ, պետք է սպասել արդյունքների: Ամեն դեպքում կարող ենք արձանագրել հետևյալը՝ Իրանը և Ռուսաստանը բավական մոտեցրել են իրենց դիրքերը և Սիրիայում հանդես են գալիս որպես դաշնակիցներ:
Հարցազրույցը` Աննա Գզիրյանի