ՀՀ ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նոյեմբերի 2-ին Մեղրի համայնքում մասնակցել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև  ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Սյունիքի մարզպետի  խորհրդատու Միշա Հովհաննիսյանը,  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)  կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում  Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։ 

Աշոտ Գիլոյանը կարևորել է խոշորացված համայնքներում նման գրասենյակների հիմնումը, ինչը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը,  կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն: Հիշեցնենք, որ 2015թ-ից ի վեր «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի  շրջանակներում հիմնվել են տասներկու գրասենյակներ Շինուհայր, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա և Արփի համայնքներում:

Գրասենյակի բացմանը հաջորդած  վիդեո կոնֆերանսի ժամանակ տեսակապով  ողջույնի խոսք է հղել  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը,  կարևորել, որ այս համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:

ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման Տեղեկատվական Համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում:

Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն կապահովի վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում, խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական հարթակի միջոցով: