Վարչապետի՝ լավագույն կրթության ապահովման խոստումների ֆոնին, նրա այս հայտարարությունից երեք շաբաթ առաջ, կառավարությունը հաստատեց ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ըստ որի՝ կրթության ոլորտի ֆինանսավորումը տարեցտարի պակասելու է՝ ՀՆԱ-ի 2.85%-ից հասնելով ՀՆԱ-ի 1.85%-ի: 2018-2020 թվականներին պետական միջնաժամկետային ծրագրերի բյուջեով նախատեսվել է կրթության ոլորտում 2018 թվականին ծախսել 125,974.6 մլն, 2019 թվականին` 125,885.9 մլն և 2020 թվականին` 129,108.4 մլն դրամ: Ի դեպ, կառավարության նախորդ` 2017-2019 թվական­ների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով՝ 2018 թվականին նախատեսված էր ծախսել 137,494.9 մլն, 2019 թվականին` 145,216.7 մլն դրամ: Ընթացիկ տարում 2017 թվականի համար հաստատված բյուջեի համաձայն՝ երկրում կրթության ոլորտում նախատեսվում է ծախսել ՀՆԱ-ի 2,34%-ը: 2016 թվականին այդ թիվը 2.39% Էր: Կարեն Կարապետյանը հաճախ է տարբեր առիթներով հիշատակում Իսրայելը, և այն դիտարկում որպես օրինակ, և եթե փորձենք այս դեպքում էլ համեմատել այդ երկրի ծախսած գումարները կրթության բնագավառում, հասկանալի կդառնա, որ Կարապետյանի ասածներն ուղղակի տեսական բնույթ են կրում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` Իսրայելը կրթության ոլորտում ծախսում է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը` մոտ 3 անգամ ավել, քան պատրաստվում է ծախսել Հայաստանը: Դժվար է պատկերացնել, թե ինչպես է կառավարությունը «լավ պետություն ունենալու» խոստումներով պատրաստվում «լավագույն կրթություն» տրամադրել իր քաղաքացիներին` տարեցտարի կրճատելով այդ ոլորտի ֆինանսավորումը:
 
Երբ դու մարդկանց չես տալիս բավարար ռեսուրսներ, իրենց դրդում ես կոռուպցիոն քայլերի: Բարձր աշխատավարձի դեպքում դասախոսների ավելի մեծ խումբ սկզբունքային կլիներ… Երբ դու մարդուն վճարում ես իր ապրելու համար անհրաժեշտ X գումարի 50%-ը, մյուս 50%-ը վաստակելու համար նա պետք է այլ աշխատանքներ կատարի կամ կոռուպցիոն ձեւերով փող աշխատի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ վիճակագրության ինստիտուտի՝ կրթության ֆինանսավորման ցուցանիշների աղյուսակը փաստում է, որ ՀՀ-ն 158 երկրների շարքում այդ ցուցանիշով գտնվում է 136-րդ տեղում, և երեք տարի անց, ըստ այդ պլանի՝ ՀՀ-ն կհայտնվի աշխարհի երկրների վերջին տասնյակում: Կրթության ծախսերի նվազումը կրթության զարգացման վրա չի կարող ունենալ որևէ դրական ազդեցություն. ուղղակի կապ կա աղքատության և առաջադիմության միջև: Ցավոք, մենք ունենք անհավասար զարգացում և չունենք կրթության մատչելիություն: Անհավասար զարգացման ենթատեքստում նշենք, որ ԲՈւՀ ընդունվածների 56.2 տոկոսն ավագ դպրոցների շրջանավարտներ են: Մինչդեռ, ավագ դպրոցները մեծապես կենտրոնացած են քաղաքներում, ոչ թե գյուղերում:
 
Կրթության ոլորտի հանդեպ նման վերաբերմունքը եւս մեկ, գուցե լավագույն վկայությունն է, թե ինչ տեսլական ունի իշխող համակարգը Հայաստանի հանրային-պետական խնդիրների հանդեպ: Այն ապրում է սեփական կանոններով ու տրամաբանությամբ, եւ կրթության համակարգի ֆինանսավորումը նվազեցնելով, թերեւս երկու նպատակ է հետապնդում: Առաջինը կապված է հանրության կաստավորման սկսված գործընթացի հետ: Նոր Սահմանադրության ընդունումից հետո իշխանության տարբեր նախաձեռնություններն ուղղված են դրան: Այդ նախաձեռնություններն ամբողջական չեն լինի, եթե կրթության ոլորտը «չօպտիմալացվի» եւ չհամապատասխանեցվի այդ նախագծերին, այսինքն՝ չկաստավորվի: Երկրորդ՝ թերուս, կաստավորված հանրությունը հեշտ կառավարելի է եւ ենթակա է քարոզչական ու «գաղափարական» մանիպուլյացիաների: Ազատ, ուսյալ քաղաքացիները խանգարում են իշխանության ծրագրերին, ընդդիմանում են դրանց:
 
Ստելլա Խաչատրյան