
Այս պահին ԵՊՀ-ում դասադուլ է, մեծ թվով ուսանողներ բողոքում են ընդդեմ տարկետման իրավունքի վերացման:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով Հայաստանի բուհերում տղա ուսանողներին տրվող տարկետման ձևը փոխվում է։ Ակադեմիական տարկետման իրավունքն, ըստ էության, վերացնելը դժգոհություններ է առաջացրել շատ ուսանողների մոտ։ Օրինագիծը վիճահարույց են համարում նաև դասախոսական անձնակազմի որոշ ներկայացուցիչներ:
Ուսանողների կարծիքով, մարդն, ով գիտությամբ է զբաղվում, արդեն իսկ ծառայում է երկրին, իսկ գիտնականներ երկրին պետք են:
«Դասադո՜ւլ» կոչով բողոքող ուսանողները քայլում են բուհական տարածքով և իրենց միանալու կոչ անում ինչպես ուսանողներին, այնպես էլ դասախոսներին: Նրանք նաև պահանջում են տարկետմանը կողմ դասախոսներին՝ բացատրություն տալ, թե ինչ հիմքով են կողմ այդ փոփոխությանը:
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա: