Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վայոց ձորի Արենի խոշորացված համայնքում համայնքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Հուսիկ Սահակյանը: Վերջինիս ընտրությունը, սակայն, առաջացրել է Արենի համայնքի բնակիչների դժգոհությունը: Նրանք չեն ցանկանում, որ իրենց համայնքը ղեկավարի հանրապետական նորընտիր Սահակյանը, այդ պատճառով էլ այսօր վաղ առավոտից դուրս են եկել փողոց և դասադուլ են անում: 

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները և չմիավորել իրենց համայնքը մեկ ուրիշին, ինչպես նաև ցանկանում են, որ Արենին շարունակի ղեկավարել համայնքի նախկին ղեկավար Րաֆֆի Խաչատրյանը: 

Արենիի միջնակարգ դպրոցի տնօրեն Ավետ Հայրապետյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բողոքի ակցիան շարունակվում է, այնտեղ են ոստիկանության աշխատակիցներ, մարզպետը, ովքեր բանակցություններ են վարում ցուցարարների հետ.«Դպրոց մտան մի խումբ մարդիկ և երեխաներին հանեցին դուրս: Այս պահին դասապատրոցես չի իրականացվում, սակայն կոլեկտիվը դպրոցում է և զբաղված է իր բնականոն աշխատանքներով»,- ասաց նա: 

Փաստորեն, արենցիները մեղադրում են նաև դպրոցի տնօրենին՝  իրենց դավաճանելու և ՀՀԿ-ական թեկնածուին պաշտպանելու մեջ. «Ընտրությունն իմ իրավուքն է, ես կատարել եմ իմ ընտրությունը, ինձ ոչ ոք չի կարող ասել, թե ում ընտրեմ: Ես չգիտեմ՝ իրենք ինչ են ուզում, մեկ ասում են՝ թող մեր գյուղը առանձին միավոր լինի, հետո ասում են՝ թող տնօրենը հրաժարական տա, մեկ էլ՝ համաձայն չեն ընտրությունների արդյունքների հետ, նախկին գյուղապետին են ուզում»,- նշեց տնօրենը:

Նշենք, որ խոշորացված այս համայնքում միավորվել է 9 համայնք` Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ Չիվա, Ռինդ: 

Համայնքապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել` Ռինդ համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Հուսիկ Սահակյանը, Արփիի ԲՀԿ-ական գյուղապետ Ռազմիկ Վարդանյանը և ինքնաառաջադրված` Արենիի գործող գյուղապետ, անկուսակցական Րաֆֆի Խաչատրյանը: Հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Հուսիկ Սահակյանը՝ ստանալով 3123 ձայն, Խաչատրյանը ստացել է 1967, Վարդանյանը` 1175 ձայն:

Արենիում Խաչատրյանը ստացել է մեծամասնության քվեն` 878 ձայն, իսկ ՀՀԿ-ական թեկնածուն ստացել է ընդամենը 161 ձայն:

Լուսանկարները՝ Yerkir.am-ի

Սոնա Հարությունյան