Հայկական ֆուտբոլի շուրջ նոր աղմկոտ սկանդալ է հասունանում. Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներն ահազանգում են, որ օրերս տեղի ունեցած Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը, կոպիտ ասած, ծախված է եղել, իսկ «Federbet» բուքմեյքերական ընկերությունը շտապել է հայտարարել, որ Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը լրջագույն կասկածի տակ է գտնվում: Ի դեպ՝ նկատենք` առաջին անգամ չէ, որ հայկական ֆուտբոլի անունը հոլովվում է նմանօրինակ թեմաներում:
Փաստը, որ ֆուտբոլը մեր երկրում, հատկապես վերջին տարիներին, անկառավարելի անկումային իրավիճակում է գտնվում, ու այն, որ իրավիճակը շտկելու հարցում ՀՖՖ-ն վաղուց է ապացուցել իր անկարողությունը, անվիճելի ու միաժամանակ հանրահայտ իրողություն է: Չգիտես ինչու, բայց տարիներ շարունակ ՀՖՖ-ի նախագահի աթոռը փաստացի սեփականաշնորհած Ռուբեն Հայրապետյանն այդպես էլ չի կարողանում որևիցե տրամաբանական բացատրություն բերել հայկական ֆուտբոլի աննախադեպ անկումն ինչ-որ կերպ հիմնավորելու համար, ու, որպես կանոն՝ այս վիճակը պայմանավորում է հայ մարզիկների ոչ բավարար պրոֆեսիոնալիզմով: Սակայն հարց է առաջանում` եթե Հայրապետյանը կարողանում է պայմանավորված խաղեր կազմակերպել (բարձրացած աղմուկը, փաստացի, դրա մասին է խոսում), բնականաբար, ոչ առանց կլորիկ գումարներ «ֆռռացնելու», ու այդպիսով ժամանակ-առ ժամանակ ջանում սեփական հեղինակությունն ինչ-որ կերպ փրկել, արդյոք չի՞ կարող նույն այդ գումարները ներդնել ֆուտբոլի զարգացման մեջ, որպեսզի ոչ թե պայմանավորվածությունների արդյունքում հայկական թիմը կարողանա մրցակիցների նկատմամբ առավելության հասնել, այլ՝ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ` «մաքուրով»: Եթե Հայրապետյանը գլխի չի ընկնում, հուշենք նրան, որ այս պարագայում խայտառակվում է ոչ միայն ՀՖՖ-ի անունն, այլև ողջ երկիրը` հայկական սպորտի համար դրանից բխող բոլոր ցավալի հետևանքներով հանդերձ: Ի գիտություն ոմանց` ամեն տեղ չէ, որ փողի զոռով կարելի է արդյունքի հասնել, ու փողի չարաշահումը հակառակ էֆեկտի է հանգեցնում` մանավանդ՝ Հայաստանի սահմաններից դուրս:
Եթե փող ունեք, կոնկրետ ներդրումներ կատարե՛ք ,զարգացրե՛ք սպորտաձևը` սրան-նրան զուր տեղը հարստացնելու ու ձեռքի հետ էլ երկիրը խայտառակելու փոխարեն …
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ