Ազգային ժողովի նիստը սկսվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների գրոհով, ովքեր պահանջում էին ԱԺ-ում քննարկել «Առինջ մոլ»-ի առևտրականների հարցը: Նշենք, որ այս պահին ԱԺ-ի դիմաց առևտրականները բողոքի ցույց են անցկացնում:
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց են դիմել մի քանի հազար առևտրականներ՝ հայտնելով, որ իրենց նկատմամբ ճնշումներ են գործադրվում. «Այն, ինչ կատարվում է մանր եւ միջին առևտրով զբաղվող վաճառականների նկատմամբ բացահայտ տեռոր է, որ մարդիկ մեկ կտոր հացից կտրվեն:
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ կառավարությունն իր գործը տապալել է և պետք է իմանա՝ որտեղ պետք է գնա. «Գնացեք Մոնումենտի գազի վրա կառուցված դղյակները և տեսեք չարաշահումներ, օրինախախտումներ, ոչ թե փոքր ձեռներեցների պայուսակները մտեք: Սա կոպտագույն խախտում է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը դժգոհող պատգամավորներին հորդորեց խոսել քննարկվող թեմաներից՝ նշելով, որ կարող են հայտարարությունների ժամին այդ մասին խոսել: Հարցին միջամտեց «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ինչից հետո վիճաբանություն սկսվեց նրա և Շարմազանովի միջև:
«Բա մենք ամենալիբերալ ազգն ենք, արա, բա որտեղի՞ց ձեր մեջ այդքան պալիտ բյուրո»: Խնդրում եմ մտցնել առևտրականների մասին այս հարցն օրակարգում»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Տիգրան Ուրիխանյանը՝ ցիտելով Կարեն Կարապետյանի հայտնի արտահայտությունը:
Շարմազանովը կրկին հորդորեց խոսել կանոնակարգի շրջանակում: Արարատ Զուրաբյանն առաջարկեց ԱԺ Խորհրդի արտակարգ նիստ հրավիրել եւ այս հարցը ներառել օրակարգում:
«50 հազար ստորագրությունը բերեք, նիստն անենք, մեռնեմ օրենքին»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահը: