ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և փոխնախարար Արև Սամուելյանը նոյեմբերի 11-ին այցելել են Սանահինի վանական համալիր՝ ծանոթանալու տեղի շինարարական աշխատանքներին: Մինչ շինարարության որակին անդրադառնալը, առաջին բանը, որ նկատել է Ամիրյանը, վանական համալիրի ծածկասալերի արանքում աճած ճյուղերն են: Նախարարն ասել է. «Լավ, ես մի բան չեմ հասկանում՝ էստեղ սպասարկող մարդիկ չեն կարո՞ղ բարձրանալ, էդ խոտերը պոկել, որ չաճի և ծառ չդառնա, դժվա՞ր է, լավ, ես չեմ հասկանում, ծառա դառել, պոկել վրայից, քարից հանել, որ արմատը չխորանա»:
Այնպիսի տպավորություն է, որ Սանահինի գմբեթի բուսականության խնդիրը Հայկական հարցն է, որն իր լուծմանն է սպասում դեռևս Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակներից: Դեռևս 2011-ին այն ժամանակվա վարչապետը Լոռվա մարզ իր այցելության ժամանակ խոստացել էր լրջորեն վերաբերվել Սանահինի վանական համալիրի գմբեթին աճող ծառերին: Այս ընթացքում երեք վարչապետներ են փոխվել, իսկ Սանահինի գմբեթի բուսականությունը միայն փարթամացել է: Եվ դա վանական համալիրի միակ չլուծված խնդիրը չէ:
Նախարար Արմեն Ամիրյանի գործունեության մասին ընդհանուր պատկեր ներկայացնելու և դրա վերաբերյալ գնահատական տալու համար կպահանջվի մի քանի րոպե: Պատկերը ստանալու համար ընդամենն անհրաժեշտ է որոնել «Մշակույթի նախարարը խոստացել է..» բառակապակցությունն ու ձեր առաջ կբացվի ծով տեղեկատվություն: Կարող եք կարդալ նախարարի խոստումները, դրանք համեմատել իրականության հետ, կարող եք նաև աչքի տակ անցկացնել նախարարի համար օրենքով սահմանված «պետք է»-ները ու դրանց գործնական կիրառությունները: Այդ «պետք է»-ների շարքում էր նաև Սանահինի վանքի վերակառուցումը: Ամենից առաջ՝ ակնհայտ է դառնում, որ առնվազն մեկ տասնամյակ է, ինչ Սանահինի վանական համալիրի խնդիրներին ու վիճակին ՀՀ կառավարությունները ոչ միայն տեղյակ են եղել, այլեւ կոնկրետ քայլեր են նախատեսել, մասնագետներ հրավիրել, բյուջեից միջոցներ տրամադրել եւ այլն։ Հենց այդ խորապատկերում է՛լ ավելի անհասկանալի է Մշակույթի նախարարի ու նրա ղեկավարած գերատեսչության՝ մինչեւ օրս դրսեւորած լռակյաց վարքը։
Այս օրերին, երբ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների բանակը ետևից գցած՝ հերթով այցելում է զանազան հուշարձաններ և այնտեղ մտահոգված գործչի հայացքով գոռում-գոչում, դիտողություններ է անում աջուձախ և ցուցադրում իր կազմակերպչական ընդունակությունները, մնում է միայն հասկանալ, թե ինչո՞ւ են դա անում ավարտից հետո, եթե կարելի էր հետևել նաև ընթացքին և սխալը տեղում շտկել: Կարող ենք վստահ լինել՝ Սանահինի շինարարության խմորը դեռ շատ ջուր կտանի: Իսկ նախարարը կշարունակի դեկորատիվ փոփոխություններ անել (միլիոնները գրաբուսների և գիրք-կրպակների վրա վատնելով) ու դրանց մասին հնարավորինս գունեղ խոսել, վաստակավորի կոչում տալ ամեն բարձրախոս բռնողի, արվեստագետների հետ գնալ տղայական բանակցությունների ու ամեն առիթով կշարունակի ներկայացնել իր պարտավորությունները՝ որպես լավություն:
Ստելլա Խաչատրյան