Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին այսօր Ազգային ժողովում ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց շաբաթներ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հնչեցրած տեսակետը՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելու վերաբերյալ:

Փաշինյանը նախ կարդաց  վարչապետի պատասխանը, որից հետո վարչապետին հարցրեց՝  ինչպե՞ս է պատրաստվում փոխարինել անփոխարինելի համարվող Սերժ Սարգսյանին:

Կարապետյանը Փաշինյանին երկար լսելուց հետո պատասխանեց կարճ.

«Ինչ որ ասել եմ, նույն կարծիքին եմ, վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասով էլ՝ ասել եմ, որ դա որոշելու է ՀՀԿ-ն»:

Վարչապետի այս պատասխանը չբավարարեց Նիկոլ Փաշինյանին, վերջինս շարունակեց հետաքրքրվել՝ «ի՞նչ է լինելու մեր ազնիվ ցեղի վիճակը, եթե հանկարծ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան պատահի»: 

Փաշինյանին ի պատասխան՝ Կարապետյանը նշեց. «Ասեմ՝ շատ պարզ հայեցակարգ է: ՀՀԿ-ն առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը, թե ոչ՝  թույլ տվեք՝ իմ մեջ մնա»: