Առաջին անգամ այս ձևաչափով անցկացվող Համաշխարհային երիտասարդական ֆորումը կազմակերպվել էր Եգիպտոսի Կառավարության կողմից և նպատակ ուներ լսելի դարձնել երիտասարդության ձայնը: Աշխարհի բոլոր անկյուններից մասնակցող երիտասարդ ներկայացուցիչների հետ ֆորումին մասնակցել են նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ և համաշխարհային քաղաքականության կարևոր դերակատարներ:
Ծրագրին մասնակցելու առաջարկը Եգիպտոսի Կառավարությունն ուղարկել էր ՀՀ արտաքին գործերի նախարարություն, իսկ հայտարարությունն էլ տարածվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության կողմից: Էդիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ ծրագրին դիմելուց հետո Եգիպտոսում մասնակցել է նախընտրական մրցույթի, որտեղ էլ արդեն հաստատվել է նրա մասնակցությունը:
Էդիկը նշեց նաև, որ ֆորումն անցկացվել է երկու հատվածով՝ պաշտոնական և ոչ պաշտոնական. «Ոչ պաշտոնական հատվածի ժամանակ մենք լիովին ազատ էինք, կարող էինք մոտենալ յուրաքանչյուր երկրի պաշտոնյայի, այս կամ այն հարցերը քննարկել ու իմանալ նրանց կարծիքը միջազգային հարաբերությունների ու քաղաքական իրադարձությունների մասին»:
Ֆորումի պաշտոնական հատվածը բաղկացած է եղել հինգ ուղղություններից՝ համաշխարհային երիտասարդության հիմնախնդիրներ, կայուն զարգացման ուղղություններ, քաղաքակրթություններ և մշակույթ, ապագա լիդերների պատրաստում և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մոդելավորում:
Էդիկ Հարությունյանի մասնակցությունը եղել է հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մոդելավորման շրջանակում. «Բոլորս համաձայնության եկանք, որ մեր ուղղության քննարկման հիմնական հարցը պետք է լինի միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, և քանի որ այս պայքարի շրջանակում Անվտանգության խորհրդում Հայաստանը ներկայացվածություն չունի, դերային բաժանման ժամանակ ես ներգրավվեցի Չինաստանի պատվիրակության աշխատանքներում: Մեր պատվիրակության մյուս անդամների և իմ աշխատանքի շնորհիվ մենք ստացանք «Լավագույն պատվիրակություն» մրցանակը»:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ուսանողը, խոսելով ծրագրի արդյունավետության մասին, ասաց, որ առավելություններից մեկը քաղաքական դերակատարների հետ անձնային շփման հնարավորությունն էր. «Եվ, իհարկե, այն, որ ֆորումին մասնակցում էին ներկայացուցիչներ բոլոր երկրներից, և այդ մասնակիցները ներկայացնում էին իրենց երկրների երիտասարդության ձայնը: Ծրագրի շրջանակում ծանոթացա ապագայի նրանց տեսլականի հետ, քննարկեցինք, թե ինչպես են պատկերացնում համաշխարհային խնդիրների լուծումներն իրենց երկրներում, և կարողացա համեմատել մեր երկրների կրթական համակարգը: Պետք է նշեմ, որ Մայր բուհը մի շարք առումներով բավականին մրցունակ է»: