«Նոր ընդդիմադիր նախաձեռնության մասին պատկերացում կազմելու համար պետք է հետադարձ հայացք գցենք և հասկանանք՝ ինչո՞ւ են պարտվել մյուսները, ինչո՞վ է տարբերվում այս նախաձեռնությունը մյուսներից և արդյոք ունի՞ յուրահատուկ մարտավարություն, որը կտանի հաղթանակի: Այս տեսանկյունից նայելով՝ անձամբ ես նոր բան չեմ տեսնում: Չեմ տեսնում, որ նախաձեռնության անդամները գնահատել են մյուս շարժումների պարտության պատճառները և հետևություններ արել»,- ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը՝ խոսելով ընդդիմադիր դաշտի ներկայիս վիճակի և նոր ձևավորվող Ազգային դիմադրության ճակատի մասին։

Պեպանյանն այն կարծիքին է, որ Հայաստանում դեռևս չկա որևէ քաղաքական հոսանք, որն ունենա վերոնշյալ հարցերի պատասխանը, այդ թվում՝ նոր ստեղծվող նախաձեռնությունը, հետևաբար, «հաջողության հասնելու հավանականությունը մոտ է զրոյին»:

Նա նշեց՝ Ժիրայր Սեֆիլյանն այս նախաձեռնության մեջ գլխավոր դերակատարություն ունի և իրականությանը վերաբերող նրա գնահատականների հետ ինքը հիմնականում համաձայն է, բայց համաձայն չէ իրականության այդպիսին լինելու՝ բացատրությունների հետ։ Մեր իրականությունն արմատական վերափոխման կարիք ունի, սակայն դա անելու համար նախ պետք է հասկանալ՝ ինչու՞ է իրականությունն այսպիսին․ «Քաղաքական ցանկացած նախաձեռնություն՝ որևէ բան փոխելու համար պարտադիր պետք է ունենա իրականության ախտորոշումը։ Եթե չունի, ապա աշխարհի բոլոր ռեսուրսներն ունենալու դեպքում էլ չի կարող վերափոխման հասնել: Պատկերացրեք բժիշկ, ով չունի ախտորոշում, բայց սրտացավորեն ուզում է բուժել մարդուն: Ինչպիսի՞ն կլինի հետևանքն այդ դեպքում։

Իմ կարծիքով՝ այս նախաձեռնության հենց սկզբից՝ ոչ ճիշտ անկյունաքարային դրույթներ են դրվել։ Մեր իրականությունը ներկայում այնպիսին է, որ անհնար է բավարար հակաիշխանական ռեսուրս ի հայտ բերել ժողովրդի ներսից, որպեսզի իշխանությունները ծնկի բերվեն։ Ամեն մի նախաձեռնություն սկզբում կոչեր է անում, որոշակի թվով մարդկանց միավորվում, այնուհետև զգալով, որ չեն կարող հաղթահարել իշխանական համակարգի դիմակայությունը՝ հանձնվում են»,-ասաց նա՝ ավելացնելով, որ մինչ այս եղած բոլոր շարժումները, որոնք դրոշի վրա գրել են՝ «մահ իշխանություններին», իրենք են մահացել։ Պեպանյանը գտնում է, որ ստեղծված վիճակում վերափոխման հասնելու միակ ուղին իշխանական համակարգին դեպի բարեփոխումը տրամադրելն է։ Սա իրագործելու համար շատ մեծ խելքի կարիք կա, որը չի նկատվում ներկա քաղաքական դաշտում։

Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ևս հայտարարեց, որ սկսում է համահայկական ընդվզում։ Անդրադառնալով այս գործչի նախաձեռնությանը, Պեպանյանը նկատեց․ «Ես քաղաքական որևէ կառույցի գնահատման իմ թեսթն ունեմ, որը նաև Ձեզ եմ առաջարկում․ Գարեգին Նժդեհն ասել է, որ հարկավոր է նախ ախտորոշել ժողովրդի հոգին, պարզել դժբախտության իրական պատճառները և դրանից հետո միայն կարելի կլինի խոսել ապաքինման մասին: Գնացեք Ձեր նշած քաղաքական գործչին հարցրեք՝ ա՛յ, որ Նժդեհը 100 տարի առաջ խոսել է մեր խնդիրների մասին՝ երբ չկային Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, ինչի՞ մասին էր խոսում Նժդեհը, արդյոք Դուք այդ ախտորոշումն արե՞լ եք: Եթե Զարուհի Փոստանջյանը չունենա այս հարցի պատասխանը, ուրեմն իմացեք՝ իրենք զուր ծախսում են հայ ժողովրդի ժամանակը և այս իրականության մեջ ընդամենը դեկոր են, որքան էլ որ ազնիվ լինեն նրանց ձգտումները։ Ինչպես որ դեկոր են եղել նախկին բոլոր առաջնորդները։ Եվ իրականության համար էլ բացարձակ միևնույն է, թե ո՞ւմ հետ կմիավորվեն նրանք, ո՞ւմ հետ չեն միավորվի, համահայկական ընդվզման կոչեր կանե՞ն, թե՞ չեն անի»:

Նրա խոսքով, այսօր մարդիկ այնպիսի հիասթափություն են ապրում, որ չեն կանգնի որևէ առաջնորդի կողքին․ «Մարդիկ տեսան ընդդիմադիրների շարունակական պարտությունները։ Տեսան, որ ընտրություններով չկարողացան իշխանություն փոխել, ոմանք մտածեցին զենքի միջոցով կհաջողվի, սակայն դա էլ չստացվեց։ Հիմա մարդիկ անկարողության խոր զգացողություն ունեն և բնական է, որ դուրս չեն գա քաղաքական պայքարի»,- նշեց Պեպանյանը։

Քաղաքական վերլուծաբանը վերջին 25 տարին համարում է մանկապարտեզային փուլ, որն անցավ։ Ըստ նրա՝ հիմա գալիս է պատանեկության փուլը։