Ազգային ժողովում այսօր քննարկվեցին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային Ծրագիր 2 և Ծրագիր 3» վարկային համաձայնագրերը, որով առաջարկվում է երկարաձգել ծրագրի ֆինանսավորման ժամկետները:
Հարցի զեկուցող՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ դեռևս նախորդ տարի է եղել առաջարկ՝ ֆինանսավորման ժամկետները փոխելու կամ երկարաձգելու, և, ըստ էության, այսօր ԱԺ-ն ընդամենը վավերացնելու է այդ ժամկետները փոփոխելու մասին առաջարկը:
Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը Սամվել Նիկոյանից հետաքրքրվեց՝ Հյուսիս-հարավ ծրագիրն, ի վերջո, ի՞նչ արժե, ե՞րբ է այն ավարտվելու և ի՞նչ ծավալի աշխատանք է կատարվել մինչ այս պահը:
Պատգամավորի հարցադրումներին ի պատասխան՝ Սամվել Նիկոյանը նշեց, որ այսօր այդ հարցերը չեն վերաբերվում քննարկվող համաձայնագրին և խոսքն ընդամենը ֆինանսավորման ժամկետների փոփոխության մասին է՝ անպատասխան թողնելով պատգամավորի հստակ հարցադրումները:
ՀՀԿ-ական գործընկերոջ պատասխանը չբավարարեց Արարտ Զուրաբյանին և վերջինս ընդգծեց, որ պատգամավորը չունի իրեն և հասրակությանը վերաբերող հարցերի պատասխաններն, այդ իսկ պատճառով էլ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման աշխատանքներն այսքան երկարաձգվում են:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանը կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանից պահանջեց կոնկրետացնել՝ ո՞վ է պատասխանատու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման համար՝ ճանապարհի վրա կատարված չարաշահումների համար՝ անուն-ազգանուն-պաշտոն պահանջելով:
Պատգամավորը փոխնախարարի հարցերը, սակայն, նույնպես թողեց անպատասխան:
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվող համաձայնագրով առաջարկում են վարկի մասնահանման վերջնաժամկետը երկարացնել, որպեսզի «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքներն ավարտին հասցվեն:
Հիշեցնենք նաև, որ այս ճանապարհի կառուցման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է ավելի քան 16.9 մլրդ ՀՀ դրամ, և եթե սրան ավելացնենք նաև ծրագիրը ֆինանսավորող վարկային և դրամաշնորհային միջոցներն, ապա ստացվում է, որ 2009 թվականից սկիզբ առած և հսկայական միջոցներ կլանող այս խոշորամասշտաբ նախագծի վերջը շարունակում է անհայտ մնալ, անհայտ են մնում նաև, թե դեռ որքան միլիոններ են պետք դրա վերջնական արդյունքը վայելելու համար: