ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն այսօր դեռևս քնած արդեն շնորհավորանքներ է ստացել: Թե ինչպես է, սովորաբար, նրա ամուսինը շնորհավորում տոնական այս օրերին, նա պատմեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
«Ինքը ամենալավը գիտի, թե ինձ ինչ է դուր գալիս, ես չեմ սիրում խանութներ գնալ, նա ինձ շատ է օգնում այդ հարցում և կարծում եմ ոճային եմ հագնվում»,- ասաց նա:
Իսկ թե ինչպես է սովորաբար նշում այս տոնը, Կարինե Աճեմյանը նշեց, որ Մարտի 8-ը իր համար ընտանեկան տոն է և սիրում է հարազատների հետ անցկացնել:
«Մենք շատ սիրում ենք հարազատներով նվերներ անել իրար ու շատ կարևորում ենք դա: Դրանով իրար հաճույք ենք պատճառում, չգիտեմ ուրախ է անցնում»,- ասաց նա:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով, ի դեպ, մամուլի ասուլիսին բոլոր կանանց ու աղջիկներ վարդեր նվիրեց, նշեց, որ կանանց ներկայությունը հաճելի է ու կարևոր:
«Մի անեկդոտ պատմեմ, մի կին ասում է ամուսնուն՝ «սիրելիս, Մարտի 8-ին նվեր պատրաստելու՞ ես», ամուսինն ասում է՝ «այո, իհարկե», կինը թե՝ «իսկ եթե իմ դուրը չգա՞», ամուսինն ասում է՝ «ոչինչ ես այդպիսի փողկապ վաղուց էի ուզում»,- պատմեց նա և ավելացրեց, որ այս աշխարհում կնոջ ամենամեծ առաքելությունը մայրանալն է ու մաղթեց բոլոր կանանց վայելել այդ բերկրանքը:
Անդրադառնալով քաղաքականության մեջ հայ կանանց ներգրավվածությանը, Կարինե Աճեմյանը նշեց, որ թեև քաղաքականությունը ավելի շատ տղամարդկանց զբաղմունք է, բայց այն կինը, որն ի վիճակի է դա անել, պետք է անի:
«Կուսակցություններից ամենաշատը ՀՀԿ-ում են կանայք ներգրավված: Կանանց չի կարելի վերաբերել որպես միայն կին: Նրանք իրենց անցած ճանապարհով կարող են ապացուցել, որ արժանի են»,- ասաց նա:
Վահե Էնֆիաջյանը համաձայնելով Կարինե Աճեմյանի հետ, նշեց, որ որտեղ կանայք ներգրավված են, մթնոլորտն ավելի լավն է ու ավելի արդյունավետ աշխատանք է ստացվում :