«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ վաղը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի: Սակայն հետագայում Եվրամիության պատասխանատուները սկսեցին անորոշ պատասխաններ տալ համաձայնագրի ստորագրման օրվա վերաբերյալ հարցերին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման պահվածքի պատճառն այն է, որ համաձայնագիրը չի ստորագրվի գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Իսկ պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, եւ այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել: ԵՄ պատասխանատուները փաստացի պետք է ընտրություն կատարեին համաձայնագրի ստորագրման օրը փոխելու եւ Ադրբեջանին Արեւելյան գործընկերության երկրների կազմից փաստացի դուրս թողնելու միջեւ:

Ի վերջո, որոշվել է, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա գագաթնաժողովի պաշտոնական արարողության ավարտից հետո: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով եւ տեղի ունենա նոյեմբերի 25-ին: Եթե, իհարկե, գագաթնաժողովը ինչ-ինչ պատճառներով չերկարի»:

Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: