Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը իրարամերժ և տարակարծիք քննարկումների ալիք բարձրացրեց։ 
Թե ինչ քայլեր պետք է անի Հայաստանը այսուհետ, ինչպես կազդի ԵՄ-ն արցախյան հարցի լուծման վրա, այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ։
 
Վերջինս նշեց, որ դրականորեն է վերաբերվում համաձայնագրին, սակայն նկատեց նաև, որ այն որակապես զիջում է 2013թ. ասոցացման պայմանագրին․ «Ցավոք այն ժամանակ ՀՀ իշխանությունների կամքը չհերիքեց փրկել այդ պայմանագիրը: Կարծում եմ՝ հնարավոր էր ասոցացման պայմանագրի կնքման ժամկետը հետաձգելով փրկել այն՝ միաժամանակ չմտնելով Եվրասիական տնտեսական միություն: Նշեմ, որ ես ընդհանրապես դեմ եմ վերազգային կառույցներին անդամակցելուն և կողմ եմ տնտեսական հնարավորություններ ստեղծող տարբեր պայմանագրերին»,- նշեց Խանումյանը:
 
Նրա խոսքով՝ մեր հետագա քայլերը պետք է միտված լինեն օգտվելու պայմանագրի ընձեռած հնարավորություններից, հատկապես տնտեսության բնագավառում:
 
ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ինչպիսի պայմաններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար՝ հարցին ի պատասխան Խանումյանն ասաց․ «ԵՄ, ինչպես նաև մնացած կարևորագույն դերակատարներն ամենաբարձր մակարդակով միշտ պետք է հայտարարեն ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Միաժամանակ, ցանկալի կլինի, որ ԵՄ անմիջականորեն աշխատի Արցախի հետ՝ իրականացներ հումանիտար և տնտեսական զարգացման ծրագրեր»,- ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահը:
 
Խանումյանը համամիտ չէ այն տեսակետին, որ ԵՄ հետ խորացված համագործակցությունը կարող է խանգարել այլ դերակատարների՝ Ռուսաստանի, ԱՄՆ, Իրանի կամ Չինաստանի հետ խորացված հարաբերություններին: Այլ ընդհակառակը, կարծում է, որ նման հարաբերությունների առկայությունը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը:
 
Սոնա Հարությունյան