Պետպատվերով սովորող ուսանողների համար տարկետումը վերացվեց։ Մինչ այդ Կառավարության նախորդ նիստին ֆուտբոլիստների տարկետում շնորհվեց, իսկ ահա կառավարության այսօրվա նիստում էլ որոշում է կայացվել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մի շարք քաղաքացիների։ 

Մարզական արդյունքների հետեւողական բարձրացումը, ըստ կառավարության, կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի եւ կխաթարվի, եթե պատանեկան եւ երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված եւ որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկը զորակոչվի բանակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Իսկ եթե մենք ուսումնասիրենք ճյուղերը, որոնք նրանք ներկայացնում են, եւ այդ սպորտաձեւերում մեր հաջողությունները, գուցե պարզվի, որ տարկետում ստացածների կեսից ավելիին բանակն ավելի շատ բան է տալու: Եթե հետեւողական եւ համակարգված քայլեր չարվեն, ապա նրանք, ովքեր բանակից խուսափում էին ուսումնական հաստատություններում սովորելով եւ իբր գիտությամբ զբաղվելով, ապա հիմա կհամալրեն պատանեկան հավաքականները կամ նույնիսկ կվերաճեն տաղանդավոր երաժիշտների, հնարավոր է նաեւ «ծանր հիվանդություններ» ձեռք բերեն։  Հարց է առաջանում, թե ինչո՞ւ, օրինակ, պետպատվեր ընդունվողներին տանել բանակ, իսկ ազգային հավաքականի ֆուտբոլիստին՝ ոչ: Եթե մենք հաշվում ենք, թե ուսման տարկետում ստացածներից քանիսն է դարձել գիտնական, նույն տրամաբանությամբ եկեք հաշվենք, թե տարկետում ստացած ֆուտբոլիստներից քանիսն են հավաքական խաղերում գոլ խփել: Վերջին հաշվով, ո՞վ է որոշելու, թե այս կամ այն պատանի ֆուտբոլիստը կամ երաժիշտն արժանի է տարկետում ստանալու, իսկ արեւելագետը կամ ֆիզիկոսը՝ նման արժանիք չունի։ Եւ երկրորդ՝ ո՞րն է երաշխիքը, որ վաղը-մյուս օրը կառավարությունն այլ խմբերի չի շնորհի տարկետում եւ հասարակությունը չի էլ իմանա՝ ովքեր են։

Ստելլա Խաչատրյան