ԼՈւՐԵՐ.com-ի զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:
-Պարո՛ն Մախմուդյան, Ազգային ժողովում մենարկել են լսումներ՝ նվիրված Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերությանը: Սրան զուգահեռ՝ ունենք ԱԺ ԵԼՔ խմբակցության նախագիծը, որով առաջարկվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից: Ինչպե՞ս եք գնահատում երկու հակադիր կառույցներին Հայաստանի անդամակցությունը:
-Ամեն ինչ ընթանում է իր բնականոն հունով, և որքան էլ մեր ընդդիմադիր գործընկերները նշեն, որ և և-ի սկզբունքը չի գործում, միևնույնն է՝ կատարվածը փաստում է, որ այդ սկզբունքը գործում է: ՀՀ-ն այն բացառիկ պետություններից է, որ այդ սկզբունքը կիրառելով, կարողացավ անդամակցել երկու կառույցի: Ազգային ժողովում ընթացող լսումներն էլ փաստում են, որ այդ գործընթացների վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ և ժամանակ է պետք կողմ կամ դեմ տեսակետների արժանահավատությունը հասկանալու համար:
-Բայց, կարծես թե, Ռուսաստանն ագրեսիվ է արձագանքում Հայաստանի և Եվրամիության միջև ծավալվող գործընկերությանը: Համենայն դեպս, НТВ հեռուսատալիքով հեռարձակվող «Հանդիպման վայրը» հաղորդումը դրա մասին վկայեց:
-Այդ հաղորդման ժամանակ հնչած տեսակետները ՌԴ պաշտոնական դիրքորոշումը չեն: Ինչպես Ռուսաստանում կարող են լինել հակահայկական դիրքորոշումներ և տարբեր հեռուստաեթերներից հնչող որակումներ, այնպես էլ Հայաստանում կան հակառուսական տրամադրվածություններ, մեր հեռուստաեթերներում էլ Ռուսաստանի մասին տարատեսակ բացասական որակումներ են հնչեցնում: Դրանք, սակայն, պաշտոնական որակումներ համարվել չեն կարող, և ասվածի ապացույցը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերությանը համաձայնագրի ստորագրման նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցն էր Հայաստան: Պետք է նշել, որ ռուս տարբեր պաշտոնյաներ ողջունել են Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ:
-Դուք, փաստորեն, ռուսական ագրեսիա չեք նկատում:
-Պաշտոնական ագրեսիա միանշանակ չկա: Հակատրամադրվածություններ են, որոնք կան նաև Հայաստանում՝ ռուսների նկատմամբ: Կարևոր է նկատել նաև, որ մենք գործ ունենք մասնավոր հեռուստաընկերությունների հետ, որոնք քաղաքականություն թելադրող չեն կարող լինել:
-Ստացվում է՝ սա այն հարցերից է, որը պետք է կարգավորվի ոչ թե պետական մակարդակով, այլ քաղաաքացիական հասարակության շրջանակներում:
-Միանշանակ այդպես է: Անկախ իմ պատգամավորական կարգավիճակից, ես պնդում եմ՝ պետություններն իրենց ինքնիշխանությունը պետք է պահպանեն նման կառույցներում համագործակցելու պարագայում՝ թողնելով քաղաքացիական հասարակությանն էլ՝ իր ակտիվ դերակատարումն ունենալ: Մեզ համար ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական դեմքի մակարդակով որևէ հակահայկական դիրքորոշում չի արտահայտել:
-Այս օրերին շատ է խոսվում նաև Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության անհրաժեշտության մասին: Ձեր ընդդիամադիր գործընկերները, սակայն, պնդում են՝ ԵԱՏՄ-ն Հայաստանին թույլ չի տա ակտիվ տնտեսական համագործակցություն ծավալել Իրանի հետ: Արդյո՞ք Հայաստանի թևերն այս հարցում կապված են:
-Մեր ընդդիամադիր գործընկերները նաև ասում էին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել ԵԱՏՄ-ից, սակայն ականատես եղանք հակառակին: Այնպես որ՝ պետք է թողնել արտաքին քաղաքականություն վարողներին՝ ազատ բանակցել: Մյուս կողմից՝ նշեմ, որ մենք չունենք որևէ պաշտոնական հայտարարություն կամ պարտավորություն ԵԱՏՄ-ի նկատմամբ, որը սահմանափակում է Իրանի հետ մեր ազատ համագործակցությունը:
Հարցազրույցն՝ Աղավնի Սուքիասյանի