«Մեր կուսակցությունը միշտ համախմբման և կոնսոլիդացիայի կողմնակից է եղել, բայց կա նաև երկրորդ խնդիրը՝ Հայաստանում ընտրական համակարգը, որպես այդպիսին, չի գործում, իսկ դա նշանակում է, որ երբ մտնում ես վերը նշված գործընթացի մեջ, արդեն ընդունում ես նախորդ գործընթացը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հավանական և հաղթող տարբերա՞կ է համարում ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների՝ միասնական ցուցակով մասնակցությունը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Պ. Մակեյանը համաձայնեց մեր այն դիտարկման հետ, որ «Ժառանգության» մասնակցությունը կնշանակի ընդունել նախագահական ընտրությունների արդյունքները. «Այդպես է ստացվում, որովհետև ընդդիմությունը մշտապես արձանագրում է, որ նախագահական ընտրությունների արդյունքները չի ընդունում, իսկ արդյունքները չընդունել և մանդատ վերցնել ու գնալ Ազգային ժողով նշանակում է, որ անուղղակի ընդունում ես նշված գործընթացը»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահից հետաքրքրվեցինք նաև, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ է ՀԱԿ-ը որոշել մասնակցել ավագանու ընտրություններին, ավելին՝ միասնական ցուցակով հանդես գալու առաջարկներ է ներկայացնում մյուս կուսակցություններին, երբ ընդամենը երկու ամիս առաջ ասում էին, որ իրենց կողմից ընտրություններին չմասնակցելը պայմանավորված է ընտրական համակարգի անարդար և կեղծ լինելով:

«ՀԱԿ-ը ՀՀՇ-ի դեմքով միայնակ հանդես գալու դեպքում՝ նույնիսկ ընտրակեղծիքների բացակայության պարագայում, կասկածում եմ, որ հնարավորություն ունենա հաղթանակ գրանցելու: Կուսակցությունը, իմ կարծիքով, միայնակ չի մասնակցի, որովհետև կարձանագրի մի տոկոս, որը հնարավորություն չի տա ապագայում քաղաքականությամբ զբաղվելու և լինելու լուրջ ու ընկալելի:

Իսկ ձեր վերը նշած ֆորմատով հնարավոր է՝ մասնակցի: Ինչ վերաբերում է ամիսներ առաջ արած հայտարարությանը, ապա դա ՀԱԿ-ի համար սովորական գործելաոճ է՝ սկզբում մի բան ասել, հետո՝ այլ»,- նկատեց Պ. Մակեյանը:

Խոսելով վերը նշված կուսակցությունների՝ խորհրդարանական ընտրություններում հավաքած տոկոսների և այս ընտրություններում դրանց հնարավոր պահպանման մասին, Մակեյանն ասաց. «Հարցը պետք է տարբեր հարթություններում դիտարկել. նախ՝ ձեր թվարկած տոկոսները իրականության հետ որևէ կապ չունեն: Սկսեմ «Բարգավաճից»՝ նրանց ձայները հիմնականում փողով էին գնված, իսկ Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» մինիմալ շեմ արձանագրեցին:

Մենք լավ գիտենք, որ այդ ընտրությունների հիմնական գործոնը եղել են վարչական լծակներն ու փողը: Այն, ինչ կատարվեց նախագահական ընտրությունների ժամանակ, կարծում եմ՝ չի կատարվի ավագանու ընտրություններին, որովհետև նախագահականի ժամանակ թուլացած էր իշխանությունը՝ չափից դուրս ինքնավստահությունը բերեց մի հանգրվանի, որ ժողովուրդը գործող վարչախմբի նկատմամբ ունեցավ, մեղմ ասած, ատելություն, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի թվերը թերևս այլընտրանք էին: Ավագանու ընտրությունների ժամանակ այդ գործոնը չի աշխատելու և տալու է բոլորովին այլ արդյունք: Եթե ամբողջ ընդդիմադիր դաշտը միասին համախմբվի, և դա արձանագրվի որպես նախորդ ընտրությունների շարունակություն, ապա պետք է կարողանալ հանրությանը ներկայացնել, որ պայքարը շարունակվելու է դրանից հետո, հասարակությանը պետք է հստակ ներկայացնել, թե ինչ քայլերով են առաջ շարժվելու: Այդ դեպքում հնարավոր է՝ անկանխատեսելի արդյունք արձանագրվի իշխանությունների համար, իսկ եթե ոչ, ապա Ազատության հրապարակում հավաքվածները հիասթափություն կապրեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Հարցին՝ եթե միասնական ցուցակով հանդես գան, ո՞ր կուսակցության ներկայացուցիչը պետք է գլխավորի ցուցակը, Պետրոս Մակեյանն ասաց. «Տրամաբանական կլինի, որ առաջին գիծ դուրս եկած Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի՝ ով է լինելու առաջին հորիզոնականում»: