ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին: Ըստ նախարարի՝ ճանապարհի կառուցման հետ կապված ձգձգումների պատճառ են՝ հայտնաբերված հնագիտական որոշ օբյեկտներին առնչվող խնդիրները: Բայց այնտեղ ամենօրյա վերահսկողություն է իրականացվում, աշխատանքները կավարտվեն ժամանակին, վստահեցրել է Վահան Մարտիրոսյանը: Թվում է, թե համոզիչ փաստարկ է՝ հատկապես քաղաքակիրթ եվրոպացիների համար, ովքեր միանշանակ ընդունելի կհամարեն նախարարի՝ պատմական ժառանգության պահպանման հանդեպ դրսևորվող ուշադրությունը: Միևնույն ժամանակ, հայաստանցիները լուրջ հիմքեր ունեն կասկածի տակ առնելու Մարտիրոսյանի վերոնշյալ մեկնաբանությունը, քանի որ օրեր առաջ՝ Տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը բոլորովին այլ բան էր ասում խորհրդարանում:
Ըստ Խաչատրյանի, Հյուսիս-Հարավ մայրուղու երկրորդ և երրորդ տրանշերով նախատեսված շինարարական աշխատանքները երկարաձգվել են օբյեկտիվ պատճառներով` կապված հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերի հետ: «Տրանշ-3»-ի մասով հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրով ազդեցության գոտում գտնվում է 12 համայնք, օտարման ենթակա է շուրջ 1100 հողատարածք, որոնց 20 տոկոսի մասով սեփականության օտարումն իրականացվում է դատական կարգով: Ակնհայտ է, որ նախարարը և փոխնախարարը միմյանց հակասում են: Նրանցից ո՞վ է ավելի ազնիվ՝ դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է. ճանապարհի կառուցման մեջ թերացել են բոլորը՝ թե՛ հայաստանյան իշխանությունները, որոնք չեն կարողացել կանխել չարաշահումները, թե՛ ներդրողները, որոնք իրենց հերթին ավելորդ վստահություն են ցուցաբերել այդ իշխանությունների հանդեպ: Այժմ նրանք ստիպված են բավարարվել հատուկ եվրոպական ՝ նուրբ ականջների համար նախապատրաստված «լոլո»-ներով: Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ Վահան Մարտիրոսյանը սեփական ձախողումը ավելի պատշաճ լույսի տակ ներկայացնելու համար անտիկ շրջանի նոր բնակավայրեր էլ հայտնաբերի…
Ստելլա Խաչատրյան