Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մեկնարկել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 20 հարց, իսկ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 41 հարց։
Քառօրյայի մեկնարկին քննարկման դրվեց «Ելք» խմբակցության՝ ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը, որը հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
Հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ այս հարցի վերաբերյալ քննարկում է եղել, և 3 խմբակցությունները մերժել են, մինչդեռ իրենց առաջարկածը «թաց ու չորը տարբերակող, տեղեկացնող» նախագիծ է:
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ քաղաքացիները հունվարի 1-ից նոր իրողության առաջ են կանգնելու, քանի որ նոր թանկացումներ են լինելու:
«Քաղաքացիները կհիշեն, որ «Ելք» խմբակցությունը նման նախագիծ ուներ, ու եթե մտածում էիք, որ Հայաստանը թափով շարժվում է առաջ, մարդիկ ավելի լավ էին ապրում, կարող էիք կողմ լինել, ու կստեղծվեր հանձնաժողով»,-ասաց պատգամավորը։
Մարուքյանը շեշտեց, որ այս տարիների ընթացքում չկա մեկ ուսումնասիրություն, որը կխոսի այն մասին, որ ԵԱՏՄ-ն օգուտ է ՀՀ-ին: «Դրա համար էլ տեղի ունեցան ահասարսուռ քննարկումներ, ու ահաբեկման ֆոնին էլ քննարկվում էր մեր նախագիծը։ Ձեր կողմից հակառուսական տրամադրություններ են Հայաստանում տարածվել, վստահ եմ, որ ՌԴ ձեր գործընկերները հիասթափված են ձեզանից, որ այդքան հակառուսականություն եք տարածում մեր ժողովրդի մեջ»,-ասաց Մարուքյանը:
Մարուքյանը ՀՀԿ-ականներին առաջարկեց այցելել մարզեր և մարդկանց բացատրել, թե ինչու են ապրանքներն օր օրի թանկանում. «Մարդկանց բացատրեք, որ Հայաստանը զարգանում է, մարդկանց բացատրեք, որ ապրանքները չեն թանկացել. մարդիկ արդեն կարագ են բանկ դնում, որ վարկ վերցնեն, կարագն էնքան է թանկացել: Դրա մասին մտածեք»:
Վերջինիս խոսքով՝ ՌԴ-ի ու իշխանության ներկայացուցիչների համար Հայաստանը չի դիտարկվել որպես զարգացող Հայաստան, ՌԴ դաշնակից Հայաստան. «Դուք այդ ձևով չեք դիտարկել, որ Ռուսաստանին անհրաժեշտ է զարգացող գործընկեր Հայաստան»:
Հարակից զեկուցող, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ քննարկման ժամանակ բոլոր բերված փաստերն էլ քննարկման արժանացել են:
«Իսկ այն եզրահանգումները, որ արվում են՝ թանկացումները կապված են ԵԱՏՄ-ի հետ, չկա որևէ տնտեսական հիմնավորում դրա վերաբերյալ, որ ներդրումները դրա համար են նվազել»,-ասաց նա:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ նշեց, որ Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է գրեթե ոսկերչական ճշգրտությամբ արտաքին քաղաքականության ոլորտում առաջ տանել ՀՀ շահերը, ուստի ՀՀ շահերից չի բխում ԵՄ-ԵԱՏՄ արհեստական հակադրությունը:
Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց՝ 6 կողմ, 76 դեմ ձայների հարաբերակցությամբ: