Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանի, Գեղարքունիքի մարզպետի, մի քանի գյուղացիների և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հանդիպումն ավարտվեց: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արծվաշենի համայնքապետ Մամիկոն Խեչումյանը:

Նա նշեց, որ նախարարին առաջարկել են յուրաքանչյուր արծվաշենցու տրամադրել 640 հազարական դրամ, որը ընդհանուր գյուղացիների համար կազմում է 1 միլիարդ դրամ: «Նախարարը մեր ներկայությամբ զրուցեց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և խոստացավ, որ նախագահի հետ էլ կքննարկեն և մինչև երկուշաբթի օրը մեզ պատասխան կտան»,- ասաց նա: 

Նշված գումարը բավարա՞ր է արծվաշենցիների տները բարեկարգելու համար՝ հարցին ի պատասխան՝ գյուղապետն ասաց.

«Մոտավորապես 3-4 հոգանոց ընտանիքին հասնում է 2 մլն դրամ: Դրանով գոնե բնակարանի վերանորոգման խնդիրը որոշ չափով կարող ենք լուծել»,- նշեց Խեչումյանը՝ ընդգծելով, որ բողոքի ակցիան կդադարեցվի՝ մինչև իրենց հստակ պատասխան տան: 

Հիշեցնենք՝ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Արծվաշենից տեղահանված բնակիչները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով դեռևս Արցախյան պատերազմի ժամանակ կորցրած տների փոխհատուցում:

Սոնա Հարությունյան