Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկի հենց առաջին օրը ստորագրվեցին առաջին պայմանագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ միջև ստորագրվեց պայմանագիր: Այն ստորագրեցին նախարար Սուրեն Կարյանը և Մեղրիի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարզանդյանը:
 
Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաև «Մեղրի» ԱՏԳ-ի և «Հայհիդրոէլեկտրոնախագիծ» ՓԲԸ, ԱՏԳ-ի և «Արման ընդ Պարտնյոր» ՍՊ ընկերության միջև:
 
«Մեղրի» ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարզանդյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն ստորագրեցին համագործակցության հուշագիր:
 
Դեկտեմբերին 15-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Այստեղ գործող տնտեսավարողները կազատվեն շահութահարկից, ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսատուրքերից` վճարելով միայն եկամտային հարկ:
 
Ազատ տնտեսական գոտու հնարավորությունները հնարավորինս օգտագործելու համար թույլատրվել է ոլորտային լայն ընդգրկվածություն. ներկայացված կլինեն գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներ: